Կարող ենք վստահաբար պնդել, որ կենսաթոշակները բոլորի համար բարձրացել են ոչ թե 10 հազար, այլ 18 հազար դրամով. Թորոսյան

2 րոպեի ընթերցում

Կենսաթոշակներից և նպաստներից անկանխիկ առևտրի հետվճարից օգտվող քաղաքացիների թիվն այս տարվա ապրիլին՝ հունվարի համեմատ, ավելացել է 130 հազարով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Դուք գիտեք, որ մենք ապրիլի 1-ից 10 հազար դրամով բարձրացրել ենք կենսաթոշակները, ինչպես նաև բարձրացրել էինք կենսաթոշակներից և նպաստներից անկանխիկ առևտրի  հետվճարի չափը՝ մինչև 10 հազար դրամի չափով։

Եվ մենք հիմա ունենք ապրիլի թվերը, որոնք ամփոփվել են երեկ։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ հետվճարից արդեն օգտվում է 531 հազար քաղաքացի՝ ի համեմատ, օրինակ, հունվարի 400 հազարի և այդպես շարունակ։ Այսինքն՝ 130 հազարով միայն տարվա սկզբից է ավելացել այդ քաղաքացիների թիվը, և հետվճարի միջին չափը հունվարի 4000 դրամի փոխարեն դարձել է 8000 դրամ։ Այսինքն՝ մենք. ըստ էության, կարող ենք վստահաբար պնդել, որ բոլորի համար կենսաթոշակը բարձրացել է ոչ թե 10 հազար դրամով, այլ 18 հազար դրամով, և այդ թիվը շուտով մոտենալու է 20 հազար դրամին։ Սա էական բարձրացում է՝ չհաշված առողջության ապահովագրությունը, որը մեր հարյուր հազարավոր քաղաքացիների համար ապահովում է անվճար բուժօգնություն և դեղորայք»,- ասել է Թորոսյանը։

Հայերեն