3 րոպեի ընթերցում
Հայաստանի եռակի գավաթակիր, սուպերգավաթակիր ու նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է Մարգարայի խճուղու վրա տեղակայված նոր մարզաբազան և թիմի նոր մարզադաշտի նախագիծը:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` մարզաբազայի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն, «Նոա» ՖԱ նախագահ Վարդգես Վարդանյանը և բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական ֆուտբոլի տարբեր ժամանակների ներկայացուցիչներ:
Մարզաբազայի հիմնական մասնաշենքը ներառում է գերժամանակակից հանդերձարաններ՝ համալրված մի քանի տեսակի վերականգնողական սենյակներով, բժշկական և մերսողական նորագույն սարքավորումներով սենյակներ, գերժամանակակից, ընդարձակ մարզասրահ, հավաքների համար նախատեսված համապատասխան հյուրանոցային համարներ, գրադարան, առաջին թիմի անձնակազմի համար նախատեսված ճաշարան, խորհրդակցությունների դահլիճներ, աշխատասենյակներ, ժամանցի մի քանի սրահներ՝ համալրված սեղանի թենիսի պարագաներով և համակարգչային խաղերով:
«Նոա» ՖԱ-ն ներկայացրել է «Noah Park» նախագծի լայնածավալ ճարտարապետական և ինժեներական կոնցեպտը, որը նախատեսվում է իրականացնել Վաղարշապատում։ Նախագիծը միավորում է մարզական, կրթական, ենթակառուցվածքային և հանրային տարածքները՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից ֆուտբոլային և զարգացման էկոհամակարգ։ «Noah Park»-ի գաղափարախոսությունը հիմնված է երկարաժամկետ զարգացման, տարածքային ինտեգրման և ժամանակակից ճարտարապետության վրա։ Նախագծում ներառված են մարզադաշտ, ֆուտբոլային ակադեմիա, հանրային և հանգստի գոտիներ, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ տարածքներ, որոնք նախատեսված են ոչ միայն խաղային օրերի, այլև ամենօրյա օգտագործման համար։
«Մեր նպատակն է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, եվրոպական ֆուտբոլային ստանդարտների ներդրումը: Մենք ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ: 2,5 տարվա ընթացքում բավականին շատ աշխատանք ենք կատարել։ Այս տարիների աշխատանքի շնորհիվ արդեն ցույց տալու բան ունենք: Հավատում եմ, որ «Նոա»-ի այս քայլով այլ ակումբներ ևս ենթակառուցվածքների, մանկապատանեկան ֆուտբոլի մեջ ներդրումներ կկատարեն»,-ասաց «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը:
«Նոա»-ն ներկայացրեց նաև ակումբի խորհրդանիշը՝ բազեն։ Երկար աշխատանքներից հետո ընտրվել է այնպիսի սիմվոլ, որն իր մեջ կկրի հայկականության անցյալի, ներկայի և ապագայի արժեքները։