Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր հիմնական ուժերը ընտրական շեմը հաղթահարելու խնդիր ունեն
3 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրական շեմը հաղթահարելու խնդիր ունեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանն ասել է, որ ընդդիմությունը անելանելի վիճակում է։
«Ակնհայտ է, որ ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունեն»,- նշել է նա։
Նա քննադատել է «Հայաստան» դաշինքին և դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ պնդելով, որ դաշինքը չի հաղթահարելու անհրաժեշտ շեմը։
««Հայաստան» դաշինքն ակնհայտորեն չի հաղթահարելու ընտրական շեմը։ Հայաստանի Հանրապետությունում 100 հազար ձայն հավաքելն իրենց համար անհնար է, և ես վստահ եմ դրանում։ Այդ պատճառով Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ հաճոյանալ, բարի խոսքեր ասել, հայտարարել, թե Դուա Լիպային է սիրում, նույնիսկ վիրավորել, միայն թե մենք արձագանքենք իրեն»,- ասել է Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի շուրջ ստեղծված «շղարշը» ևս, իր գնահատմամբ, այլևս վերացել է։
««Ուժեղ Հայաստան» դաշինքի դեպքում ևս ակնհայտ դարձավ, որ այն խորհրդավոր շղարշը, թե իբր ինչ-որ նոր ուժ է հայտնվել, մարտ ամսին վերացավ։ Երբ «լույսերը միացան» և ամեն ինչ պարզ երևաց, պարզ դարձավ, որ այդ մարդիկ նույնիսկ հայերենի ուղղագրությանը չեն տիրապետում, չեն ճանաչում հայ հասարակությանը և պատկերացում չունեն, թե ինչի մասին են խոսում։
Արդյունքում մնում է միայն մեկ բան՝ վիրավորել, սադրել, ագրեսիա ցուցաբերել և փորձել հասկանալ, թե իշխանությունն ինչպես կարձագանքի»,- եզրափակել է Սիմոնյանը։
Սիմոնյանը կասկածի տակ է դրել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավորություններն առաջիկա ընտրություններում։
Հայաստանում մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցությունների համար նվազագույն շեմը 4 տոկոսն է, մինչև երեք կուսակցություններից բաղկացած դաշինքների համար՝ 8 տոկոսը, իսկ երեք և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների համար՝ 10 տոկոսը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ կլինի ձայների 4 տոկոսը, «Հայաստան» դաշինքին, որը բաղկացած է 2 կուսակցությունից՝ ձայների 8 տոկոսը, իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, որը բաղկացած է 3 կուսակցությունից՝ 10 տոկոս։