Քաղաքականություն

Լավրովը Հայաստանի հետ հարաբերությունները դաշնակցային ու միևնույն ժամանակ բարդ է որակել

2 րոպեի ընթերցում

Լավրովը Հայաստանի հետ հարաբերությունները դաշնակցային ու միևնույն ժամանակ բարդ է որակել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան ունեն մտերիմ, դաշնակցային, սակայն միևնույն ժամանակ նաև բարդ հարաբերություններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին ասել է Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովն Արևմուտքին մեղադրել է ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գործընկեր երկրների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը խզելու փորձերի հետ՝ շեշտելով, որ Հայաստանը կարող է կորցնել բոլոր առավելությունները Եվրասիական տնտեսական միությունում։

Նա նշել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կքննարկեն մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարարն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի վարչապետը չի մասնակցելու մայիսի 28-ին Ղազախստանում նախատեսված ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ շեշտելով, որ դա լավ հնարավորություն է «քննարկելու այն հարցերը, որոնք օդում կախված են»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու մայիսի 28-ին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Նա նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրել է, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավի պատճառով չի կարողանալու մասնակցել գագաթնաժողովին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում