Հայաստան

Տոնն առիթ է՝ ընդգծելու ընտանիքի դերը պետության զարգացման գործում. ԱՍՀ նախարարի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Տոնն առիթ է՝ ընդգծելու ընտանիքի դերը պետության զարգացման գործում. ԱՍՀ նախարարի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։ «Արմենպրես»-ը ԱՍՀ նախարարի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Սիրելի՛ քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։

Տոնը ևս մեկ առիթ է՝ ընդգծելու ընտանիքի դերն իրավագիտակից հասարակության ձևավորման և պետության զարգացման գործում։ Այս նպատակով պետության քաղաքականության առանցքում շարունակում է լինել այնպիսի ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացումը, որոնք միտված են ծնելիության աճի խթանմանը, ընտանիքների կենսապայմանների բարելավմանն ու սոցիալական երաշխիքների ընդլայնմանը։

Մասնավորապես, շարունակվում է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների տրամադրման և ընդլայնման գործընթացը․ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված ամսական 50,000 դրամ աջակցությունն արդեն իսկ սահմանվել է որպես պետական նպաստ, իսկ 2026 թ․ սեպտեմբերի 1-ից կբարձրանա նաև առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 300,000 դրամից դառնալով 500,000 դրամ։

Երեխա ունեցող ընտանիքների, ինչպես նաև Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը ևս շարունակում են դրական ցուցանիշներ արձանագրել։

Ոլորտային քաղաքականության առաջնահերթություններից է նաև հղիության և հետծննդաբերական շրջանում կանանց համար աշխատանքային ճկուն հնարավորությունների ապահովումը, ինչպես նաև ավագ սերնդի մեր սիրելի ներկայացուցիչների առողջ և ակտիվ ծերացմանն ու ներուժի օգտագործանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Սիրելի՛ քաղաքացիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում եմ բարեկեցություն, առողջություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում