Մշակույթ

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի

3 րոպեի ընթերցում

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Գերատեսչությունը նաև ցավակցական ուղերձ է հղել։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Երվանդի Ծատուրյանը։ Մեր վշտակցությունն են հայտնում Նիկոլայ Ծատուրյանի ընտանիքին և հարազատներին։ Տեղեկացնում ենք, որ ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով»,– մասնավորապես նշված է ուղերձում։

Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է 1945 թ. հունվարի 8-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (ղեկ.՝ Վարդան Աճեմյան)։

Այնուհետև վարպետաց դասեր է ստացել Մոսկվայում՝ ուսանելով Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի և Գեորգի Դանելիայի մոտ։ Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ՝ հանդիսանալով նաև «Մենք են, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսորը։

Որպես ստաժոր՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում աշխատել է նաև Յուլի Ռայզմանի ֆիլմում։

Շուրջ 20 տարի որպես ռեժիսոր աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ բեմադրելով շուրջ 25 ներկայացում։

Նիկոլայ Ծատուրյանը երկար տարիներ դասավանդել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։

Շուրջ 12 տարի՝ 1992-2004 թթ., ղեկավարել է Երևանի «Մետրո» թատրոնը։

1973 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Բեմադրություններ է իրականացրել նաև Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու-Յորքում։

Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ։

2004 թվականին նշանակվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2014 թվականից եղել է նույն թատրոնի գեղարվեստական խորհրդատուն։

Նիկոլայ Ծատուրյանն աշխատել է այնպիսի նշանավոր դերասանների հետ, ինչպիսիք են Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզ (Մհեր) Մկրտչյանը, Կարեն Ջանիբեկյանը և այլք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում