Հանրակրթության համակարգում նոր մոտեցումներ. տնօրենների ընտրության և գնահատման փոփոխված մեխանիզմները
9 րոպեի ընթերցում

Հայաստանի հանրակրթական համակարգում վերջին տարիներին իրականացվող փոփոխությունները վերաձևավորում են դպրոցի կառավարման ամբողջ տրամաբանությունը։ Նոր մոտեցումների հիմքում կրթության որակի բարձրացումն է, իսկ այդ գործընթացում առանցքային դեր է վերապահվում դպրոցի տնօրենին՝ որպես կրթական առաջնորդի։ Տնօրենի ընտրության, գնահատման և մասնագիտական զարգացման նոր մեխանիզմները միտված են ձևավորելու առավել պատրաստված, պատասխանատու և ժամանակակից մարտահրավերներին համահունչ կառավարման համակարգ։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշեց, որ 2023 թվականից հանրակրթական դպրոցների կառավարման համակարգում մեկնարկած բարեփոխումները էապես փոխել են դպրոցների ղեկավարների ընտրության և գործունեության կազմակերպման տրամաբանությունը։ Եթե նախկինում դպրոցի ամբողջ կառավարումը իրականացվում էր մեկ անձի՝ տնօրենի կողմից, ապա այժմ կատարվել է գործառույթների հստակ տարանջատում։
Նոր համակարգով կրթական բովանդակության, ուսումնական գործընթացի, մանկավարժական աշխատանքի և կրթության արդյունքների պատասխանատվությունը շարունակում է կրել տնօրենը, մինչդեռ վարչատնտեսական գործառույթները՝ գնումները, շենքային սպասարկումը, անվտանգության և տնտեսավարման հարցերը, վերապահվել են վարչատնտեսական համակարգողին։ Փոփոխության նպատակը տնօրենին վարչարարական ծանրաբեռնվածությունից հնարավորինս ազատելն ու նրան կրթական գործընթացների կառավարման վրա կենտրոնացնելն է։
Էական փոփոխություններ են տեղի ունեցել նաև տնօրենի ընտրության գործընթացում։ Նախկինում թեկնածուն ներկայացնում էր դպրոցի զարգացման ծրագիր, որը հաստատվում էր դպրոցի խորհրդի կողմից։ Սակայն նոր կարգավորմամբ՝ զարգացման ծրագիրը նախ անցնում է մասնագիտական փորձաքննություն՝ պետության կողմից ընտրված կազմակերպությունների միջոցով։ Միայն դրական գնահատական ստանալուց հետո թեկնածուն հնարավորություն է ստանում շարունակել մրցութային գործընթացը։
Համակարգի կարևորագույն նորամուծություններից մեկը հարցազրույցի փուլն է, որը ներդրվել է 2024 թվականից։ Այս մեխանիզմի ներդրման պատճառը ոլորտում առկա այն մտահոգությունն էր, որ դպրոցների խորհուրդները հաճախ ձևական դերակատարում էին ունենում, իսկ տնօրենի ընտրության գործընթացը միշտ չէ, որ ապահովում էր անհրաժեշտ օբյեկտիվություն։
Հարցազրույցն անցկացվում է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Մարզային ենթակայության դպրոցների դեպքում հանձնաժողովում ընդգրկվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության չորս և մարզպետարանի երեք ներկայացուցիչներ։ Նախարարության ենթակայությամբ գործող դպրոցների համար հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախարարության վեց և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության մեկ ներկայացուցիչ։ Թեկնածուն ընտրված համարվելու համար պետք է ստանա առնվազն հինգ կողմ ձայն, ինչը ենթադրում է համաձայնեցված և մասնագիտական որոշումների կայացում։
Հարցազրույցի ընթացքում գնահատվում են ոչ թե ընդհանրական պատկերացումները, այլ տնօրենի առօրյա գործունեությանը վերաբերող գործնական գիտելիքներն ու կառավարման կարողությունները։ Թեկնածուները ներկայացնում են իրենց պատկերացումները ուսումնական պլանավորման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, կրթության արդյունքների վերլուծության, սովորողների առաջադիմության գնահատման և դպրոցի խնդիրների լուծման վերաբերյալ։
Ոլորտի պատասխանատուների գնահատմամբ՝ սկզբնական շրջանում թեկնածուների պատրաստվածության մակարդակը բավարար չէր։ Շատերը դեռևս չէին պատկերացնում ժամանակակից դպրոցի ղեկավարի իրական դերակատարումն ու կառավարման առանձնացված գործառույթները։ Սակայն երկու տարվա ընթացքում իրավիճակը նկատելիորեն փոխվել է․ այսօր հավակնորդների մեծ մասն արդեն հստակ պատկերացնում է, թե ինչ պատասխանատվություն է ենթադրում տնօրենի պաշտոնը և ինչպիսի մասնագիտական պատրաստվածություն է անհրաժեշտ հաջողելու համար։
«Վիճակագրությունը ևս փաստում է դրական միտումների մասին։ Եթե նախկինում հարցազրույցի փուլը հաղթահարում էին քիչ թվով մասնակիցներ, ապա այժմ թեկնածուների շուրջ կեսը հաջողությամբ անցնում է այդ փուլը։ Միևնույն ժամանակ, շարունակում են լինել դպրոցներ, որտեղ տնօրենի թեկնածուներ չեն գտնվում կամ դիմողները բավարար պատրաստվածություն չունեն»,- նշեց Սարգսյանը։

Մասնագետների գնահատմամբ՝ խնդիրը հաճախ ոչ թե մասնագիտական ներուժի բացակայությունն է, այլ աշխատանքի գրավչության պակասը։ Տնօրենի պատասխանատվությունը բազմաշերտ է՝ ընդգրկելով թե՛ մանկավարժական կոլեկտիվը, թե՛ սովորողներին, ծնողներին և համայնքային կառույցները։ Այդ պայմաններում շատ ուսուցիչներ նախընտրում են շարունակել մանկավարժական աշխատանքը՝ ունենալով համադրելի, իսկ երբեմն նաև ավելի բարձր եկամուտ և զգալիորեն ավելի սահմանափակ պատասխանատվություն։
Այս մարտահրավերներին արձագանքելու նպատակով պետությունը մշակել է մի շարք նոր գործիքներ։ Նախատեսվում է ներդնել տնօրենների ատեստավորման համակարգ, որը հնարավորություն կտա գնահատել ղեկավարի աշխատանքի արդյունավետությունը, դպրոցի զարգացման ծրագրի իրականացումը և կրթական առաջընթացը։ Ատեստավորման հաջող արդյունքների դեպքում տնօրենները կստանան աշխատավարձի բարձրացում և հնարավորություն՝ առանց նոր մրցույթի շարունակելու պաշտոնավարումը հաջորդ տարիներին։
Միաժամանակ ստեղծվել է փորձաշրջանով նշանակման հնարավորություն։ Եթե թեկնածուն ունի կրթական գործընթացների լավ պատկերացում, սակայն կառավարման փորձի պակաս, նրան կարող է աջակցել ավելի փորձառու տնօրենը՝ որպես մենթոր։ Սա հնարավորություն է տալիս երիտասարդ կամ նոր ղեկավարներին աստիճանաբար ձևավորել անհրաժեշտ կառավարման հմտությունները։
Նոր կարգավորումներով նախատեսվել է նաև գործուղման մեխանիզմ այն դպրոցների համար, որտեղ երկար ժամանակ հնարավոր չի լինում տնօրեն նշանակել։ Այդ դեպքերում համապատասխան մասնագետները կարող են ժամանակավորապես գործուղվել տվյալ կրթական հաստատություն՝ կառավարման շարունակականությունն ապահովելու նպատակով։
Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևոր ուղղություններից է նաև ապագա տնօրենների մասնագիտական պատրաստումը։ Միջազգային գործընկերների աջակցությամբ արդեն իրականացվել են դպրոցների կառավարման և առաջնորդության զարգացման ծրագրեր, որոնց մասնակցել են տասնյակ հավակնորդներ և գործող տնօրեններ։ Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են ժամանակակից կրթական կառավարման մոտեցումներին, առաջնորդության մեխանիզմներին և դպրոցը որպես ամբողջական համակարգ կառավարելու սկզբունքներին։
Ծրագրերի արդյունքները, ոլորտի պատասխանատուների գնահատմամբ, արդեն տեսանելի են։ Շատ մասնակիցներ հաջողությամբ հաղթահարել են մրցութային փուլերը և այսօր ղեկավարում են դպրոցներ։ Միաժամանակ արձանագրվել է նաև, որ տնօրենի պաշտոնը պահանջում է ամուր բազային գիտելիքներ և մասնագիտական պատրաստվածություն, որոնք հնարավոր չէ ձևավորել միայն կարճաժամկետ վերապատրաստումների միջոցով։
Հենց այդ պատճառով կրթության ոլորտում այժմ առավել ակտիվ քննարկվում է դպրոցների ղեկավարների պատրաստման ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը։ Նպատակն է բուհերում ստեղծել կրթական կառավարման մասնագիտացված ծրագրեր, որոնք կպատրաստեն ժամանակակից կրթական առաջնորդներ՝ ունակ արդյունավետ ղեկավարելու դպրոցները, իրականացնելու բարեփոխումները և ապահովելու կրթության որակի շարունակական զարգացումը։
«Կրթական բարեփոխումների ներկա փուլում առավել ակնհայտ է դառնում մեկ կարևոր իրողություն․ ժամանակակից դպրոցը հնարավոր չէ պատկերացնել առանց ուժեղ, մասնագիտական և փոփոխություններին պատրաստ ղեկավարի։ Իսկ դա նշանակում է, որ հանրակրթության համակարգում իրականացվող փոփոխությունները վերաբերում են ոչ միայն կառավարման ձևին, այլև կրթության ապագայի կառուցմանը»,- եզրափակեց Թամարա Սարգսյանը։
Լուսինե Ջալալյան