Քաղաքականություն

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։ Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի»,- ասված է հայտարարության մեջ։

Մայիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Հայաստանի հետ ուղիղ առևտուր սկսելու մեկնարկի մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության այդ հայտարարությունը՝ նշելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն էլ իր հերթին ծանուցել էր հայ գործարարներին, որ նրանք արդեն կարող են ուղիղ առևտուր իրականացնել Թուրքիայի հետ՝ առանց վերաձևակերպումների։ Թեմային անդրադարձել էր նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ մանրամասնելով, որ նախկինում Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել ՀՀ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։ Արդյունքում՝ ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների (օրինակ՝ Վրաստանի) միջնորդ սուբյեկտների միջոցով՝ վերաարտահանման ձևակերպմամբ։ ՊԵԿ-ը հստակեցրել էր, որ այսուհետ ՀՀ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով՝ առանց միջնորդների։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում