ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն այցելել են Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի և միջնադարյան ամրոց

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթի մասնակից դպրոցականների հետ այցելել են Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է գերատեսչության տարածած հաղորդագրությունից, հյուրերը շրջել են Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում և հարակից տարածքում, ծանոթացել հուշարձանի պատմությանը:

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթում հաղթած 9 թիմերին:

Նախարարը շնորհավորել է աշակերտներին և շնորհակալություն հայտնել մասնակցության և հուշարձանների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Նա հույս է հայտնել, որ օրվա միջոցառումը կոգևորի աշակերտներին բացահայտել Հայաստանը և ճանաչել մշակութային ժառանգությունը՝ պատմամշակութային հուշարձանները:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ամեն տարի Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում իրականացվում է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ ծննդյանը նվիրված համերգ:

«Հուսով եմ՝ դուք ևս կմասնակցեք առաջիկա համերգին, որովհետև երբ եկեղեցում հնչում է հոգևոր երաժշտություն, դրա վեհությունն ու շքեղությունն ամբողջովին նորովի են բացահայտվում»,- դիմելով աշակերտներին՝ ասել է Ժաննա Անդրեասյանը։

Այնուհետև ԿԳՄՍ նախարարը, ԵՄ դեսպանն ու դպրոցականները քայլարշավ են իրականացրել դեպի Արուճի միջնադարյան ամրոց:

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի ազգային փուլում հաղթող ճանաչված Աբովյան քաղաքը ներկայացնող «Լուսերուն» (լույսի սերունդ) թիմը հաղթանակ է գրանցել նաև համաեվրոպական փուլում։ Հաղթող թիմը մեկնել էր նաև Ստրասբուրգ, որտեղից օրերս է վերադարձել։ «Լուսերունը» ներկայացրել էր Գառնիի տաճարի վերաբերյալ ինտերակտիվ կրթական խաղ-վիկտորինա։

ARC-HE-TOUR-DEV ծրագրի շրջանակում Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ մշակվել է Արուճի միջնադարյան ամրոցի վերականգնման և թանգարանացման նախագիծը՝ պահպանելով մեթոդաբանական խստությունը և հուշարձանի պատմական ամբողջականությունը։ Նախագծով նախատեսվում է այցելուների երթուղիներ, հանգստի գոտիներ, մուտքային հատվածներ և մեկնաբանման գործիքներ՝ ապահովելով հուշարձանային համալիրի համահունչ ու հասկանալի ներկայացումը։

Հայերեն English

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը