Քաղաքականություն

Բեռլինի Եվրոպայի տանը քննարկվել են Հայաստանի վերաբերյալ մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Բեռլինի Եվրոպայի տանը քննարկվել են Հայաստանի վերաբերյալ մի շարք հարցեր

«Ռենովաբիս» Գերմանիայի կաթոլիկների Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ժողովուրդների հետ համերաշխության կազմակերպության նախաձեռնությամբ՝ Բեռլինում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունում՝ Եվրոպայի տանը, տեղի է ունեցել «Armenien. Zwischen Ankommen und Aufbruch» (Հայաստան․ ժամանման և նոր սկզբի միջև) խորագրով պանելային քննարկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով, որ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Միջոցառմանը Հայաստանից մասնակցել է նաև աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը, բացման խոսքով հանդես է եկել Գերմանիայի Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Բերնդ Հյութեմանը։ Պանելային քննարկումը վարել է Բեռլինում «Ռենովաբիս»-ի ներկայացուցչության ղեկավար Ռենատե Կրեկելեր-Կոխը։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղից տեղահանված հայերի Հայաստանում ինտեգրման, Հայաստանի եվրոպական հեռանկարի, հասարակության դիմադրողականության բարձրացման և տարածաշրջանային խաղաղության թեմաները։

Դեսպան Ենգիբարյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանված հայերին ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերը և ինտեգրման գործընթացը, շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և Գերմանիային աջակցության համար։  

Դեսպանը գոհունակությամբ արձանագրել է տարածաշրջանում հաստատված խաղաղությունը, ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գործընթացը։  

Հաղորդվում է, որ միջոցառմանը մասնակցել են նաև դիվանագետներ, լրագրողներ, հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում