Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի առեղծվածային թռիչքի ուղղությունը՝ Հայաստան

5 րոպեի ընթերցում

Առեղծվածային թռիչքի ուղղությունը դեպի Հայաստան. Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի մասնակից մի խումբ ճանապարհորդներ բացահայտեցին իրենց անակնկալ ուղղությունը միայն վայրէջքից հետո։

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ առեղծվածային թռիչքը մեկնել էր Լոնդոնից՝ համախմբելով ավելի քան 100 ճանապարհորդի, սոցիալական հարթակներում հայտնի անձանց (ինֆլուենսերների), լրագրողների և արկածասերների, որոնք մասնակցել են Wizz Air-ի ամենահայտնի արշավներից մեկին։

Թռիչքի ամբողջ ընթացքում ուղևորներին չէր հայտարարվել վերջնական ուղղությունը՝ ճանապարհորդությունը վերածելով հետաքրքիր և անսպասելի փորձառության։ Երևան ժամանելուն պես հյուրերին հենց օդանավակայանում դիմավորեցին երաժշտությամբ, պարով և հայկական ջերմ հյուրընկալությամբ՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթն ու մթնոլորտը։ Այնուհետև հյուրերը մասնակցեցին Ազգային պատկերասրահում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։

«Մենք ուրախ ենք վերջապես բացահայտել Հայաստանը՝ որպես այս թողարկման «Let’s Get Lost» արշավի ուղղություն։ Ուղևորների հուզմունքն ու զարմանքը տեսնելը, երբ նրանք տեղեկացան, թե որտեղ են վայրէջք կատարել, իսկապես առանձնահատուկ պահ էր։ Հայաստանը հրաշալի ուղղություն է՝ բազմաթիվ առաջարկներով ճանապարհորդների համար՝ սկսած հարուստ պատմությունից և կենսունակ մշակույթից մինչև ջերմ հյուրընկալություն ու գեղեցիկ բնապատկերներ։ «Let’s Get Lost»-ի նման նախաձեռնությունների միջոցով Wizz Air-ը հպարտ է աջակցել զբոսաշրջության զարգացմանը և խրախուսել ճանապարհորդներին բացահայտել նոր ու հետաքրքիր ուղղություններ մեր ցանցում»,- ասաց Wizz Air-ի կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Վերա Յարդանը։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կայցելեն Հայաստանի մի շարք կարևոր տեսարժան վայրեր՝ ծանոթանալով երկրի հարուստ պատմությանը, մշակույթին, գաստրոնոմիային և զբոսաշրջային ներուժին։

«Ուրախ ենք Հայաստանում ողջունել Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի մասնակիցներին։ Մենք նաև հպարտ ենք, որ Հայաստանը դարձել է այն երկրներից մեկը, որտեղ իրականացվում է այս արշավը։ Այս նախաձեռնությունը լավագույնս արտացոլում է ժամանակակից ճանապարհորդության գաղափարը՝ հետաքրքրասիրություն, բացահայտում և իրական փորձառություններ։ Վստահ ենք, որ այցելուները Հայաստանից կհեռանան վառ տպավորություններով և ջերմ հիշողություններով»,- նշեց ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Կոմիտեի նախագահն ասաց, որ այս ամենամյա ծրագիրն իրականացվում է Wizz Air ընկերության կողմից։ Մի քանի ժամով հայտարարվում է «կույր տոմսերի» վաճառք, և այդ ընթացքում մարդիկ գնում են տոմսեր՝ առանց իմանալու, թե որ երկիր են մեկնելու։ Անցած տարի հյուրընկալ երկիրը Արաբական Միացյալ Էմիրություններն էր, և զբոսաշրջիկները հյուրընկալվել էին Աբու Դաբիում։

Պաշտոնական ընդունելության ընթացքում հյուրերին ողջունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը՝ նշելով, որ իրենց սպասվում է հիանալի երեք օր Հայաստանում։

Նա ընդգծեց՝ վստահ է, որ առաջիկա օրերին հիանալի ժամանակ կանցկացնեն՝ բացահայտելով Հայաստանը. «Այս օրերը հիանալի հնարավորություն են ավելի շատ բան տեսնելու և սովորելու Հայաստանի ու Երևանի մասին»։

«Գրին Ռոք» ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան ևս ողջունեց հյուրերին՝ խրախուսելով նրանց բացահայտել Հայաստանի մարզերն ու Դիլիջան քաղաքը, որը հայտնի է որպես «Փոքր Շվեյցարիա»՝ իր բնության, մթնոլորտի և լեռնային տուրիզմի հնարավորությունների շնորհիվ։

Նա նշեց, որ Հայաստանը ոչ միայն հիասքանչ բնություն ունի, այլև հարուստ ժամանցային կյանք՝ բարերով, ռեստորաններով և ակումբներով, որոնք կարող են ճանապարհորդներին պարգևել վառ ու անմոռանալի հույզեր։

Մասնակիցները ևս նշեցին, որ շատ ուրախ են Հայաստանում գտնվելու համար, ինչպես նաև հետաքրքիր զգացողություն էր մեկնել մի ուղղությամբ, որի մասին պատկերացում անգամ չունեին։ Շատերը նշեցին, որ արդեն մի քանի ժամ է՝ Հայաստանում են, սակայն արդեն տպավորված են ջերմ ընդունելությամբ և առաջիկայում սպասում են հետաքրքիր ու անմոռանալի բացահայտումների։

Այս նախաձեռնությունն իրականացվում է Wizz Air-ի Լոնդոն-Երևան նոր չվերթի գործարկմանն ընդառաջ, որը նախատեսվում է մեկնարկել 2026 թվականի հունիսի 12-ից։

 

Հայերեն

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը

Ռումինիան Սև ծովում ոչնչացրել է պայթուցիկով բեռնված ռազմածովային անօդաչու սարք

Կոլումբիայի նախագահը երկրի 15 դեպարտամենտներում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել

Կոմիտասի 300 ձայնը՝ Արմավիրում. նոր նախաձեռնությունը նպատակ ունի կազմակերպել բարձրարժեք մշակութային միջոցառում

ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով

ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողների են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին

ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական միջոցառումների ժամանակացույցը

Մոլդովայի նախագահը դատապարտել է Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի վրա․ Moldpres

ԱՀԿ-ն հայտարարել է էբոլայի դեմ 70 000 չափաբաժին պատվաստանյութ Կոնգո ուղարկելու մասին

Օգոստոսի 21-ի միջոցառումների անոնս