Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից առևտրային նավի թիրախավորման հետևանքով հինգ նավաստի անհետ կորել է, տասը՝ վիրավորվել
1 րոպեի ընթերցում

Օմանի ծոցում առևտրային նավին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով առնվազն 10 իրանցի նավաստի է վիրավորվել, ևս հինգն անհետ կորած է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Mehr գործակալությունից, այս մասին հայտնել է Մինաբի շրջանի ղեկավար Մոհամմադ Ռադմեհրը։
«Երեկ (մարտի 7-ի) երեկոյան Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի ջրերում ամերիկյան ագրեսիվ գործողությունների ժամանակ Մինաբ քաղաքի մոտակայքում առևտրային նավի վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով այն հրդեհվել է»,- նշել է Ռադմեհրը։
Նրա խոսքով՝ առևտրային նավի վրա գտնվում էր 15 նավաստի։
«Տասը վիրավոր նավաստի տեղափոխվել են հիվանդանոց, իսկ որոնողափրկարարական խմբերը շարունակում են իրենց ջանքերը՝ մյուս նավաստիների ճակատագիրը պարզելու համար», - հավելել է նա։
Կարդացեք հոդվածը` Русский