Չինաստանում երկու նախկին պաշտպանության նախարարների մահապատժի են դատապարտել կոռուպցիայի համար
1 րոպեի ընթերցում
Չինաստանի երկու նախկին պաշտպանության նախարարներ մայիսի 7-ին մահապատժի են դատապարտվել կոռուպցիայի գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են չինական պետական լրատվամիջոցները։
Ռազմական տրիբունալը համապատասխան դատավճիռը կայացրել է Վեյ Ֆենհեի և Լի Շանֆուի նկատմամբ։ Նրանք մեղավոր են ճանաչվել կաշառք ստանալու համար։
Նշվում է, որ դատարանը համաձայնել է դատավճռի կատարումը հետաձգել երկու տարով։
Չինական լրատվամիջոցները պարզաբանում են, որ երկրում հետաձգմամբ մահապատիժը հաճախ փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, եթե դատապարտված անձը հանցագործություն չի կատարում հետաձգման ժամանակամիջոցում։
Վեյ Ֆենհեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2018-2023 թթ.։ Նրանից հետո ռազմական գերատեսչությունը գլխավորել է Լի Շանֆուն. այդ պաշտոնում նա աշխատել է մեկ տարուց պակաս։ Նրանք հեռացվել են Կոմունիստական կուսակցությունից 2024 թվականին։