Իրանը հայտարարել է, որ առնչություն չունի Կորեայի Հանրապետության օպերատորի նավի վնասման հետ
2 րոպեի ընթերցում

Իրանի զինված ուժերն առնչություն չունեն Հորմուզի նեղուցում Կորեայի Հանրապետության օպերատոր-ընկերության նավի վնասման միջադեպի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Սեուլում Իսլամական Հանրապետության դեսպանությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը վճռականապես մերժում և կտրականապես հերքում է Հորմուզի նեղուցում Հարավային Կորեայի նավի վնասման հետ կապված միջադեպին Իրանի զինված ուժերի մասնակցության ցանկացած մեղադրանք», - ասվում է հայտարարության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցման համար անհրաժեշտ է լիարժեք կերպով պահպանել գործող կանոնները, ուշադրությամբ վերաբերվել ստացվող նախազգուշացումներին, հետևել սահմանված երթուղիներին և համակարգել գործողություններն Իրանի իրավասու իշխանությունների հետ։
«Իրանը մշտապես ընդգծում է իր հանձնառությունը տարածաշրջանում ծովային նավարկության անվտանգության ապահովմանը», - նշել են դեսպանությունում։
Օրերս Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Հորմուզի նեղուցում Պանամայի դրոշի ներքո նավարկող նավում, որի օպերատորը Կորեայի Հանրապետության ընկերությունն է։ Նավում եղել է անձնակազմի 24 անդամ, ներառյալ Կորեայի Հանրապետության 6 քաղաքացի։ Տուժածների մասին չի հաղորդվել։ Պայթյունի և հրդեհի պատճառն, ինչպես նաև վնասի չափը պարզվում են: