Գերիների հարցով դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին՝ երկու երկրների միջև ծագած դիվանագիտական վեճի ֆոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարությունից հայտնել են, որ կառավարությունը հույս ունի լուծել երկու երկրների միջև առկա խնդիրները, և որ բանակցությունները Կիևի հետ շարունակվելու են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Դիվանագիտական վեճը ծագել է այն բանից հետո, երբ Հարավային Կորեան մեղադրել է Ուկրաինային՝ երկու գերի ընկած հյուսիսկորեացի զինվորների փոխանցման վերաբերյալ գաղտնիության պայմանավորվածությունը խախտելու մեջ։
Մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հրապարակայնորեն հայտնել էր, որ երկու հյուսիսկորեացի զինվորներ, որոնք գերեվարվել էին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվելու ընթացքում, փոխանցվել են Հարավային Կորեային։ Սեուլը պնդում է, որ կողմերը պայմանավորվել էին չհրապարակել փոխանցման մասին տեղեկությունը՝ զինվորների և նրանց ընտանիքների անվտանգության նկատառումներով։ Կիևը, իր հերթին, հերքել է նման գաղտնիության պայմանավորվածության առկայությունը։