Նեպալում կրկին հեղեղումներ են. կան անհետ կորածներ
1 րոպեի ընթերցում

Նեպալի կենտրոնական Գորխա շրջանում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած հեղեղման հետևանքով հինգ մարդ անհետ կորել է։ Ջրհեղեղը քշել-տարել է տներ և կամուրջներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է BBC-ն։
Տեղական պաշտոնյաների խոսքով՝ անհետ կորած հինգ անձինք, ենթադրաբար, անասնապահներ են։
Իշխանությունների տվյալներով՝ փրկվել է 95 մարդ, այդ թվում՝ ինը օտարերկրացի։ Հեղեղումից տուժել է ավելի քան 650 մարդ։
Հաղորդվում է, որ հեղեղումների հետևանքով որոշ բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհի հետ կապից։ Որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար իշխանությունները ուղղաթիռներ են ներգրավել և տուժած շրջաններ ուղարկել ավելի քան 700 փրկարարի ու այլ ծառայությունների աշխատակիցների։
Տեղի բնակիչները, որոնք հեղեղումից առաջ լքել էին իրենց տները, մտավախություն ունեն վերադառնալու հետ կապված։
Նեպալում, որտեղ գտնվում է աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան՝ Հիմալայները, տեղումների անկանխատեսելիության և լեռնային պայմանների պատճառով հաճախ են տեղի ունենում հեղեղումներ ու ձնահոսքեր։ Վերջին ամենախոշոր դեպքը տեղի էր ունեցել օգոստոսին. ավերիչ հեղեղումի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել էին, հազարավորները՝ անհետ կորել։