Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Մարտի 1-ի քրեական գործին

3 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Մարտի 1-ի քրեական գործին

Հայաստանի Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործի քննությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդապետյանը հարցին անդրադարձել է Ազգային ժողովում՝ Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ընթացքում:

««Ֆարմանյանը և այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի 205-րդ կետում դատարանն արձանագրել է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ՝ առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանի, մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ոստիկանության կողմից իրականացված գործողությունը: Դատարանը պարզել է, որ չի եղել որևէ համոզիչ ապացույց, որով կհաստատվեր, որ Ազատության հրապարակում զենք է կուտակվել անկարգություններ հրահրելու նպատակով։ Նա մերժել է Կառավարության այն պնդումները, թե ոստիկանությունը տեղակայվել էր Ազատության հրապարակում զենքերի որոնման նպատակով, և որ զինված ցուցարարներն էին առաջինը հարձակվել Ոստիկանության վրա»,- ասաց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը հավելեց, որ դատարանը պարզել է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացված Ոստիկանության գործողության հիմնական՝ եթե ոչ միակ, նպատակը եղել է Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելը, և որ այնտեղ տեղի ունեցած բախումներն, ամենայն հավանականությամբ, եղել են հավաքը ավարտելուն ուղղված Ոստիկանության միջոցառումների, այդ թվում՝ ենթադրյալ չափից ավելի ուժի կիրառման հետևանք, այլ ոչ թե ցուցարարների կանխամտածված գործողությունների արդյունք:

«Դատարանն այնուհետև նշել է Ազատության հրապարակում ենթադրաբար հայտնաբերված զենքերի, այդ թվում՝ ատրճանակների, նռնակների և «ոզնիներ» հիշեցնող սուր առարկաների առնչությամբ ցուցարարներից որևէ մեկի հետ կապ ունեցող ցանկացած ապացույցի բացակայությունը և զարմանալի է համարել այն, որ Ազատության հրապարակում ոստիկանության գործողության ժամանակ ցուցարարները չեն կիրառել հրազեն, պայթուցիկներ կամ սառը զենքեր՝ հաշվի առնելով այն պնդումը, որ նրանք զինված են եղել այդպիսի զենքերով՝ զինված անկարգություններ սկսելու մտադրությամբ»,- նշեց Աննա Վարդապետյանը:

Դատարանը նաև արձանագրել է, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց հավաքը տեղի է ունեցել ինքնաբուխ և անկազմակերպ զարգացումների հետևանքով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նկատեց, թե բանակային կորպուսների դրվագները ստվերում են մնացել:

«Բանակային կորպուսների հետ կապված քննությունն այս պահին բավական ակտիվ դերակատարում ունի, և Պաշտպանության բանակն էլ, եթե գիտեք, Բանակային կորպուսներից մեկն էր և այդ կարգավիճակն ուներ»,- ի պատասխան՝ հայտնեց Գլխավոր դատախազը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում