Իրան

Իրանը պատրաստ է հակամարտության կարգավորման արդար համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է հակամարտության կարգավորման արդար համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանի իշխանությունները պատրաստ են հակամարտության կարգավորման շուրջ «արդար համաձայնագիր» կնքել ԱՄՆ-ի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պեկինում իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք կընդունենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր», - մեջբերել է նրա խոսքն ISNA գործակալությունը։

Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից սանձազերծված պատերազմը համարվում է միջազգային իրավունքի բացահայտ խախտում, և որ Իրանը կգործադրի բոլոր ջանքերն ամերիկյան կողմի հետ բանակցություններում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

Իրանի արտգործնախարարը դրական է գնահատել Պեկինի դիրքորոշումը միջազգային ասպարեզում և ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների դատապարտումը։ Արաղչիի գնահատմամբ՝ ընթացիկ իրադրությունում Իսլամական Հանրապետության և Չինաստանի միջև համագործակցությունը կզարգանա։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ, որն էլ պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտներին։ Ապրիլի 8-ին կողմերի միջև երկշաբաթյա հրադադար է հայտարարվել, որն այնուհետև անորոշ ժամկետով երկարաձգվել է ԱՄՆ նախագահի կողմից։ Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3375 իրանցի։ Իսլամաբադում ապրիլին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում