Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը կարևոր շրջադարձային կետ է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև գործընկերության խորացման գործում

2 րոպեի ընթերցում

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը կարևոր շրջադարձային կետ է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև գործընկերության խորացման գործում

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Երևանում կայացած Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն հանձնառու է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Այսօրվա ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը հստակ ազդանշան է ուղարկում ԵՄ-ի  անսասան հանձնառության մասին՝ խորացնելու Հայաստանի հետ մեր հարաբերությունները և ամրապնդելու համագործակցությունը բազմաթիվ նոր ոլորտներում՝ Հայաստանին և նրա ժողովրդին ավելի մոտեցնելով Եվրոպական միությանը», - նշել է Կոշտան։

Մեկ այլ գրառման մեջ նա կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ լուսանկարով՝  նշելով, որ մայիսի 5-ին «ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը կարևոր շրջադարձային կետ է Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության խորացման գործում»։

«Այս պահը հնարավոր դարձավ վերջին տարիներին Հայաստանի կողմից գրանցված նշանակալի նվաճումների շնորհիվ։ Դրանք ստեղծեցին եզակի հնարավորություն՝ մեր քաղաքացիներին, բիզնեսներին և հասարակություններին շոշափելի օգուտներ բերելու համար», - գրել է նա։

Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ-ի համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը, և այդ հարցում Հայաստանը կարող է ապավինել Բրյուսելի աջակցությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում