Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

2 րոպեի ընթերցում

The EU–Armenia Summit at the Presidential Palace of the Republic of Armenia. Yerevan, Armenia. May 5, 2026.
The EU–Armenia Summit at the Presidential Palace of the Republic of Armenia. Yerevan, Armenia. May 5, 2026.

Երևանում կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը նշանավորվել է երկկողմ հարաբերություններում պատմական կարևոր հանգրվանով՝ մի շարք ռազմավարական փաստաթղթերի ստորագրմամբ և համագործակցության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապակցվածության գործընկերության փաստաթուղթը, ինչպես նաև նախաստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը։

Ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ ԵՄ կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության, Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը նախաստորագրել են օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության փաստաթուղթը։

Գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական Միությունը նաև հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության վեց նամակ՝ Հայաստանում ներդրումների խթանման նպատակով։

Բացի այդ, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարարին է հանձնել մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթաց զեկույցը։

Զեկույցում արձանագրվել է Հայաստանի կողմից իրականացվող քայլերի դրական առաջընթացը, ինչպես նաև ներկայացվել են առաջարկություններ՝ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում