Հայաստանը կարող է տարածաշրջանում առևտրային նոր ուղիների կենտրոն դառնալ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
3 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրային նոր ուղիների կենտրոն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահն այս մասին հայտարարել է Երևանում Հայաստան-Եվրամիության առաջին գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Եվրոպական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Եվրոպայի համար դեպի Կենտրոնական Ասիա և Կասպից ծով ամենակարճ ճանապարհը հենց Հայաստանով է, սակայն շեշտել է, որ այդ երթուղին պատերազմի պատճառով փակ էր։
«Այժմ Դուք դա փոխում եք՝ շնորհիվ խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և շնորհիվ եվրոպական ցանցերի մեջ ավելի մեծ ինտեգրման։ Դրա շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ առևտրային նոր ուղիների տարածաշրջանային կենտրոն»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը։
Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը պատրաստ է ավելի սերտացնել Հայաստանի հետ համագործակցությունն էներգետիկ ոլորտում, ինչպես նաև թվայնացման ուղղությամբ։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ Հայաստանի և Եվրոպայի միջև միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել։ «Բայց մեզ միավորում են ոչ միայն մեր համատեղ պատմությունն ու մշակույթը, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաև այն հնարավորությունները, որոնք մեր առջևում են»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Նա շեշտել է, որ այժմ Հայաստանն ու Եվրամիությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ՝ ընդգծելով, որ դրական առաջընթաց է գրանցվում ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացում։
Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում Հայաստանում ներդրումների համար 2.5 միլիարդ եվրո արդեն իսկ նախատեսված է։
«Ուկրաինայից մինչև Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմներից, մինչդեռ այստեղ՝ Հարավյաին Կովկասում, այլ պատմություն է, այլ իրավիճակ է։ Նոր կոնֆլիկտների դարաշրջանում դուք դարմանում եք հին վերքերը, և մենք ուզում ենք ձեզ օժանդակել՝ ի ցույց դնելով այն, որ խաղաղությունը հանգեցնում է բարեկեցության»,- ասել է ֆոն դեր Լայենը՝ հիշեցնելով Եվրամիության ձևավորման օրինակը, երբ նախկինում միմյանց թշնամի երկրները առևտրային կապերի հաստատման միջոցով կարողացել են բարեկամություն հաստատել ու խաղաղություն բերել տարածաշրջան։