Հայաստան

Ջրային ոլորտի խնդիրների լուծումն առաջիկա 5 տարիներին լինելու է մեր առաջնահերթություններից. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ջրային ոլորտի խնդիրների լուծումն առաջիկա 5 տարիներին լինելու է մեր առաջնահերթություններից. Փաշինյան

Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի կառավարության համար ջրային ոլորտի խնդիրները լուծելը լինելու է առաջնահերթություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկա 5 տարիներին ջրային հարցերը մեզ համար լինելու են առաջնահերթություն։ Որպեսզի դուք պատկերացնեք, թե մենք ինչքան ենք կարևորում ջրի հարցերը, ես ասում եմ՝ ոնց որ նախորդ 5 տարում առաջնային հարցերից մեկը եղել է խաղաղությունը, հիմա հաջորդ 5 տարում առաջնահերթ հարցերից մեկը լինելու է ջուրը։ Ինձ համար ամենացավալի արձանագրումն այն է, որ մենք հանրապետությունում մենք չունենք մի բնակավայր, որտեղ ջրի հետ կապված խնդիր չկա։ Լավ լուրն այն է, որ մենք մեր լեռնաշխարհում ջրային ռեսուրսներ ունենք, բայց մենք պետք է կարողանանք հավաքել այդ ռեսուրսները և ճիշտ կառավարենք։ Ասեմ նաև, որ մենք պետք է փոխենք նաև դաշտեր, այգիներ ջրելու ձևերը։ Այդտեղ էլ ջուրը խնայող տեխնոլոգիաներ կան։ Եվ մենք այդ բոլոր հարցերով կանգնելու ենք մեր գյուղացիների և ֆերմերների կողքին»,- ասել է վարչապետը։

Նա մանրամասնել է, որ կան բնակավայրեր, որտեղ մարդիկ խմելու ջուրն օգտագործում են ոռոգման համար, ինչն էլ իր հերթին հանգեցնում  է խմելու ջրի դեֆիցիտի։

«Բոլոր տեղերում պետք է լինի և խմելու, և ոռոգման ջուր, որովհետև եթե երկուսն էլ չկա, խնդիրը լուծված չի։ Եթե խմելու ջուր կա, բայց ոռոգման ջուր չկա, խմելու ջրով մարդիկ ոռոգում են անելու, իսկ այդ դեպքում խմելու ջուրը չի հերիքելու։ Շատ պարզ տրամաբանություն է»,- ընդգծել է վարչապետը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում