Իրավունք

2025-ին Հայաստանում հանցագործությունները նվազել են 3,2 տոկոսով, բացահայտման ցուցանիշն աճել է մինչև 29,7 տոկոսով. գլխավոր դատախազ

2 րոպեի ընթերցում

2025-ին Հայաստանում հանցագործությունները նվազել են 3,2 տոկոսով, բացահայտման ցուցանիշն աճել է մինչև 29,7 տոկոսով. գլխավոր դատախազ

Հայաստանում 2025 թվականին արձանագրվել է հանցագործությունների ընդհանուր թվի նվազում և բացահայտման ցուցանիշի աճ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հանցավորության կենտրոնի տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է 40 722 հանցագործություն՝ 2024 թվականի 42 057 դեպքի դիմաց։  

Նա նշեց, որ մեկ տարվա ընթացքում հանցագործությունների թիվը նվազել է 1335-ով կամ 3,2 տոկոսով։ Արձանագրված հանցագործություններից 18 857-ը կատարվել է Երևանում (2024 թվականին՝ 19 877)։

Գլխավոր դատախազի խոսքով՝ միաժամանակ աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։

«2025 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց»,-նշել է Վարդապետյանը՝ ընդգծելով, որ աճը կազմել է 6,9 տոկոսային կետ։

Նրա ներկայացմամբ՝ հանցագործությունների գերակշիռ մասը շարունակում են կազմել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները։

«Հանցագործության 40 722 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, ոչ մեծ (20 041 դեպք կամ դեպքերի 49,2%) և միջին ծանրության (13 585 դեպք կամ դեպքերի 33,4%-ը) հանցագործություններն են»,- ասել է Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նաև հավելել է, որ  2024 թվականի համեմատությամբ նվազել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը․ եթե 2024 թվականին այն կազմել է 18,3%, ապա 2025 թվականին՝ 17,4%, այսինքն՝ նվազել է 0,9 տոկոսային կետով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում