Հայաստան

«Արժանապատիվ աշխատանք և անվտանգ միջավայր». Երևանում նշվեց Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը

7 րոպեի ընթերցում

«Արժանապատիվ աշխատանք և անվտանգ միջավայր». Երևանում նշվեց Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը

Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 28-ին, Երևանում անցկացվեց «Արժանապատիվ աշխատանք և անվտանգ միջավայր» խորագրով միջոցառումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն կազմակերպել էր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որի ղեկավար Սլավիկ Սարգսյանի խոսքով՝ անվտանգ աշխատանքային պայմաններն աշխատանքային հարաբերությունների անբաժանելի և առաջնային մասն են, և յուրաքանչյուր գործատու պարտավոր է  ապահովել աշխատակիցների կյանքի և առողջության իրավունքը։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ է կատարել ոլորտում, մեծ փոփոխություններ է իրականացրել աշխատանքային օրենսգրքում։ Տեսչական մարմինն իր հերթին իրականացնում է վերահսկողություն, բայց օրենքը և վերահսկողությունը միայն մի կողմում են, իսկ փոփոխությունները բխում են պատասխանատվությունից։ Գործատուները պետք է գիտակցեն հարցի կարևորությունն ու պահպանեն անվտանգ պայմաններ՝ առանց տեսչականի ստուգումների և տուգանքի վախի»,-ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց՝ եթե նույն ռեսուրսով երկուսից երեք մասնագետ մինչև 15 աշխատանքային օրում իրականացնում է մեկ տնտեսվարողի ստուգում, իրենք այդ նույն ռեսուրսով երկու կամ երեք ժամում մի քանի տասնյակ տնտեսվարողի համար իրականացնում են  իրազեկման սեմինար, որով բարձրացնում են իրավագիտակցումը։ Ըստ Սարգսյանի՝ եթե տնտեսվարողը հակված է խախտումներ չանելու, և խախտումների պատճառը չիմանալը կամ օրենքը սխալ կիրառելն է, ապա խախտումները նվազում են։

«Վերահսկողություն իրականացնել զարգացող աշխարհում առանց ինքնակրթման, ինքնազարգացման անհնար է, ուստի մեծ շեշտադրում է արվում մասնագետների վերապատրաստումների վրա։ Մեր միջազգային գործընկերների հետ միշտ կազմակերպում ենք վերապատրաստման դասընթացներ»,-ասաց Սլավիկ Սարգսյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ևս ընդգծեց, որ արժանապատիվ աշխատանք չի կարող լինել առանց անվտանգ աշխատանքային միջավայրի, իսկ անվտանգությունը չի կարող լինել լիարժեք, եթե  անտեսվում են աշխատողի իրավունքները։

«Արժանապատիվ աշխատանքը պարզապես զբաղվածություն չէ. դա մարդու հիմնարար իրավունքն է՝ ունենալու արդար վարձատրություն, անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ, մասնագիտական առաջընթացի հավասար հնարավորություններ։ Այս սկզբունքը մեր ոլորտային քաղաքականության հիմքում է, և իրականացվող աշխատանքները միտված են ձևավորելու այնպիսի համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ զբաղվածության ոլորտից կամ սոցիալական կարգավիճակից, կունենա անվտանգ աշխատելու, պաշտպանված լինելու և արժանապատիվ կյանք կառուցելու լիարժեք հնարավորություն»,-նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ այդ գործընթացում առանձնակի կարևոր է նաև աղքատության և գործազրկության հաղթահարման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը կրթության և մասնագիտական հմտությունների զարգացման միջոցով, ինչը հնարավորություն կստեղծի խթանել զբաղվածությունը, նպաստել ոչ ֆորմալ տնտեսությունից ֆորմալ տնտեսության անցումը, ներառականության ապահովումն ու սոցիալական գործընկերության զարգացումը։

Հենց այդ նպատակին է ուղղված ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը, որով սահմանված առաջնահերթություններից է նպաստառու ընտանիքների կենսապայմանների բարելավումը մասնագիտական հմտությունների զարգացման և կայուն զբաղվածության միջոցով։

Թորոսյանը կարևորեց նաև աշխատանքի  անվտանգության հարցը՝ նշելով, որ պետությունն այդ ոլորտում իրականացնում է քաղաքականություն՝ ուղղված աշխատողների իրավունքների պաշտպանությանն ու աշխատանքի անվտանգության բարձրացմանը։ Շարունակաբար բարելավում է օրենսդրական դաշտը։ «Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների  շրջանակում նախատեսվում է մոտարկել Եվրամիության  մի շարք հրահանգներ՝ ուղղված աշխատավայրում առողջության պահպանմանն ու անվտանգության ապահովմանը։

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն կարծում է՝ Աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրը հիշեցնում է աշխատանքային խնդիրների, հիվանդությունների կանխարգելման և անվտանգ, առողջ աշխատավայրեր ունենալուն ուղղված միջազգային համատեղ պատասխանատվության մասին։

«Անվտանգ և առողջ պայմաններում արժանապատիվ աշխատանքը ոչ միայն սոցիալ-տնտեսական նպատակ է, այլև բխում է մարդու իրավունքներից, և սա այն տեսակետն է, որին հարում է Եվրոպայի խորհուրդը: Յուրաքանչյուր անհատ պետք է աշխատի այնպիսի պայմաններում, որոնք պաշտպանում են արժանապատվությունը, ֆիզիկական ամբողջականությունը և հոգեկան բարեկեցությունը: Անվտանգ աշխատավայրերը սոցիալական արդարության և կայուն զարգացման հիմնական հիմքն են և սահմանում են հստակ պարտավորություններ անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների, արդար վարձատրության և աշխատանքի վայրում արժանապատվության վերաբերյալ»,-նշեց նա։

Անդրադառնալով Եվրոպական սոցիալական խարտիային՝ Մաքսիմ Լոնգանգեն ընդգծեց, որ այն ապահովում է քաղաքականության մշակման կառուցվածքային հենակետ, որը կապում է տնտեսական առաջընթացը սոցիալական պաշտպանության հետ: Այն նաև աջակցում է ավելի լայն ժողովրդավարական կայունությանը՝ ամրապնդելով վստահությունն ինստիտուտների նկատմամբ և սոցիալական համախմբվածությունը:

Ապրիլի 28-ը Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից սահմանված կարևոր համաշխարհային օր է, որը միավորում է պետություններին, գործատուներին, աշխատողներին և միջազգային գործընկերներին ընդհանուր նպատակով՝  կանխել աշխատանքային դժբախտ պատահարները, մասնագիտական հիվանդությունները,  ամրապնդել  առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքի մշակույթը որպես աշխատողի հիմնարար իրավունք։ Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրը, որը նշվում է ավելի քան երկու տասնամյակ, դարձել է միջազգային համագործակցության և քաղաքական երկխոսության կարևոր հարթակ՝ աշխատանքային ոլորտում ռիսկերի կանխարգելման վրա հիմնված մոտեցումների խթանման նպատակով։ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից սահմանված 2026 թվականի թեման նվիրված է առողջ հոգեբանական և սոցիալական աշխատանքային միջավայրի ապահովմանը՝ ընդգծելով ժամանակակից աշխատանքի փոփոխվող բնույթն ու նոր ռիսկերի ազդեցությունն աշխատողների առողջության վրա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում