Պուտինը հանդիպել է Արաղչիի հետ
2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն բան Մերձավոր Արևելքում հնարավորինս շուտ խաղաղություն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մեր կողմից մենք կանենք այն ամենն, ինչը կծառայի ձեր շահերին, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին, որպեսզի այդ խաղաղությունը հնարավորինս շուտ ձեռք բերվի։ Դուք լավ գիտեք մեր դիրքորոշումը», - ասել է Պուտինը։
Նա նաև հույս է հայտնել, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս դժվարին շրջանը և կհասնի խաղաղության։
«Իհարկե, մենք մեծ հույս ունենք, որ նոր առաջնորդի ղեկավարությամբ իրանցի ժողովուրդը, հենվելով իր քաջության և անկախության ձգտման վրա, կհաղթահարի այս դժվարին շրջանը և կհասնի խաղաղության», - նշել է նախագահը։
Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և նախագահ Պուտինին իր երկրին ցուցաբերած աջակցության համար։
Արաղչին նաև նշել է, որ Իրանը նախկինում դիմակայել է իսրայելաամերիկյան ագրեսիային իր ժողովրդի միասնության և քաջության շնորհիվ և ոչ մի պարագայում չի հանձնվի։
«Ինչպես ճիշտ նշեցիք, ամբողջ աշխարհին ապացուցվել է, որ իրանցի ժողովուրդն իր դիմադրության, քաջության և ոգու շնորհիվ հաջողությամբ պայքարել է ամերիկյան հարձակումների և ամերիկյան ագրեսիայի դեմ։ Իրանը դիմացել է ամեն ինչի և կշարունակի դիմանալ», - ասել է նա։
Արաղչին նաև շեշտել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները ամենաբարձր մակարդակի ռազմավարական գործընկերություն են և կշարունակեն զարգանալ՝ «անկախ տեղի ունեցող իրադարձություններից»։
Ռուսաստան այցից առաջ Արաղչին մեկնել էր Պակիստան և Օման։