Եվրոպա

Lufthansa-ն 20 000 չվերթ կչեղարկի վառելիքի խնայողության համար

2 րոպեի ընթերցում

Lufthansa-ն 20 000 չվերթ կչեղարկի վառելիքի խնայողության համար

Գերմանիայի գլխավոր ավիափոխադրող Lufthansa ընկերությունն ամառային սեզոնի ընթացքում 20 000 հազար ոչ շահավետ չվերթ կչեղարկի ավիավառելիքի խնայողության համար, որը թանկացել է Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը։

Թռիչքների կրճատումը կվերաբերի Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայաններին և կգործի մինչև հոկտեմբերի վերջը։ Միևնույն ժամանակ ընկերությունը նոր չվերթեր կգործարկի Ցյուրիխից, Վիեննայից ու Բրյուսելից և դեպի այդ քաղաքներ։

Lufthansa-ի ներկայացուցիչները կարծում են, որ այս չվերթերի չեղարկման միջոցով հնարավոր կլինի խնայել ավելի քան 40 000 տոննա ավիավառելիք։ Ընդ որում, ավիաընկերության արդյունավետությունը, որը չափվում է հասանելի ուղևորային կիլոմետրերով (այս ցուցանիշը հավասար է հասանելի նստատեղերի քանակի և տրանսպորտային միջոցի անցած կիլոմետրերի բազմապատկմանը), կնվազի մեկ տոկոսային կետից էլ պակաս ցուցանիշով։

Ընկերությունն արդեն չեղարկում է մինչև մայիսի 31-ը նախատեսված չվերթերը։ Օրինակ՝ ապրիլի 20-ին Lufthansa-ն չեղարկել է առաջին 120 ամենօրյա չվերթերը։ Մասնավորապես, ժամանակավորապես դադարեցվել են Ֆրանկֆուրտից դեպի լեհական Բիդգոշչ և Ժեշով քաղաքներ, ինչպես նաև դեպի նորվեգական Ստավանգեր թռիչքները։ Այլ փոփոխությունների մասին ընկերությունը կտեղեկացնի ապրիլի վերջին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում