Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Համիլթոնին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցության կարևորությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։

Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում