Ջիմ Թորոսյանի 100-ամյակը՝ հիշողության, գնահատանքի և մասնագիտական ներշնչման մթնոլորտում

8 րոպեի ընթերցում

Երևանում հանդիսավոր միջոցառմամբ նշվեց անվանի ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակը՝ համախմբելով ոլորտի ներկայացուցիչներին, դասախոսներին, ուսանողներին և աշակերտներին՝ վերաարժևորելու վարպետի ժառանգությունն ու դրա շարունակականությունը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում  այսօր տեղի ունեցած միջոցառման ընթացքում համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը ողջունեց ներկաներին՝ ընդգծելով, որ Ջիմ Թորոսյանը հայ ճարտարապետության այն մեծություններից է, որի ստեղծած արժեքներն այսօր էլ շարունակում են խոսել ժամանակի հետ։ Նրա խոսքով՝ վարպետի անունը սերտորեն կապված է ոչ միայն նշանակալի կառույցների, այլև մասնագիտական ազնվության, ստեղծագործական լայնախոհության և ազգային մտածողության հետ։  

Ռեկտորը կարևորեց հոբելյանական միջոցառման նշանակությունը՝ որպես սերունդների միջև կապի ամրապնդման և մասնագիտական արժեքների վերահաստատման հնարավորություն։ Նա նշեց, որ համալսարանը կարևորում է ոչ միայն կրթական գործընթացը, այլև ոլորտի մեծերի հիշատակի արժևորումը՝ որպես օրինակելի ուղենիշ երիտասարդների համար։  

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև վաստակաշատ և երկարամյա գործունեությամբ աչքի ընկած դասախոսներին ու պրոֆեսորներին հանձնվեցին Ջիմ Թորոսյանի անվան հուշամեդալներ՝ գնահատելով նրանց ներդրումը ճարտարապետական կրթության և գիտության զարգացման գործում։  

Միևնույն ժամանակ, համալսարանի մասնագիտական ամբիոններին նվիրաբերվեցին վարպետի ստեղծագործությանը նվիրված գրքեր, որոնք նախատեսված են ծառայելու որպես ուսումնական և հետազոտական կարևոր աղբյուրներ։ Գրքերը ներառում են Ջիմ Թորոսյանի նախագծերը, էսքիզները և ստեղծագործական մոտեցումները, ինչը հնարավորություն կտա ուսանողներին առավել խորությամբ ծանոթանալ նրա աշխատանքային ժառանգությանը։  

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև երիտասարդ սերնդին։ Աշակերտները, մասնավորապես, Մանուկ Աբեղյանի անվան ՃՇՀԱՀ֊ի հենակետային դպրոցի 10-11-րդ դասարանների ներկայացուցիչները, որոնք մասնակցել էին նախապես կազմակերպված ճարտարապետական աշխատարանին, արժանացան պատվոգրերի։ Պատվոգրերը շնորհվեցին ակտիվ մասնակցության, ստեղծագործական մոտեցումների և մասնագիտական հետաքրքրվածության համար՝  խրախուսելով աշակերտների հետագա քայլերը ճարտարապետության ոլորտում։

Համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմեն Շատվորյանը ներկայացրեց միջոցառման կազմակերպման նպատակը՝ ընդգծելով դրա կրթական և մասնագիտական նշանակությունը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը նպատակ ուներ ոչ միայն նշել հոբելյանը, այլև ստեղծել կենդանի կապ փորձառու մասնագետների և ապագա ճարտարապետների միջև։

«Մենք այս միջոցառումը դիտարկեցինք ոչ միայն որպես հիշատակի օր, այլ որպես կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ։ Մինչ հիմնական միջոցառումը, կազմակերպել էինք քառօրյա աշխատարան՝ հենակետային դպրոցի դպրոցականների մասնակցությամբ, որտեղ նրանք ծանոթացան ճարտարապետական մտածողության հիմքերին, փորձեցին իրենց ուժերը էսքիզների ստեղծման, խմբային նախագծման և մակետավորման մեջ։ Այդ աշխատանքները մեզ համար կարևոր էին, քանի որ հնարավորություն տվեցին տեսնել, թե ինչպես են ձևավորվում ապագա մասնագետների առաջին պատկերացումները մասնագիտության մասին»,-նշեց Շատվորյանը։  

Նրա խոսքով՝ աշխատարանի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել թիմային աշխատանքի մշակույթին և ստեղծագործական մտածողության զարգացմանը։ «Աշակերտները ոչ միայն տեխնիկական հմտություններ ձեռք բերեցին, այլև սկսեցին ընկալել ճարտարապետությունը որպես միջավայր ձևավորող արվեստ։ Մենք կարևորեցինք նաև այն, որ նրանք աշխատեն խմբերով, քննարկեն, գտնեն լուծումներ, ինչպես դա տեղի է ունենում իրական նախագծային գործընթացում»,– հավելեց նա։

Շատվորյանը տեղեկացրեց, որ աշխատարանի արդյունքները ներկայացվել են ցուցահանդեսում, որտեղ ցուցադրվել են ինչպես աշակերտների և ուսանողների աշխատանքները, այնպես էլ Ջիմ Թորոսյանի էսքիզները։ «Ցուցահանդեսը յուրատեսակ երկխոսություն է սերունդների միջև։ Մի կողմից ներկայացված են վարպետի մտածողությունն ու ձեռագիրը, մյուս կողմից՝ երիտասարդների առաջին փորձերը։ Այս համադրությունը կարևոր է, քանի որ ցույց է տալիս շարունակականությունը»,– ընդգծեց նա։

Նա նաև հավելեց, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու՝ նպաստելով մասնագիտական կրթության զարգացմանը և երիտասարդների ներգրավմանը ոլորտում։ Ցուցահանդեսը, նրա խոսքով, բաց կլինի մեկ շաբաթ։

Միջոցառման ընթացքում իրենց հուշերով հանդես եկան նաև վարպետի գործընկերները։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Ասլան Մխիթարյանը նշեց, որ Ջիմ Թորոսյանի հետ աշխատանքը մեծ դպրոց է եղել իր համար՝ ընդգծելով նրա ստեղծագործական մտածողության խորությունն ու մարդկային հատկանիշները։ Նրա խոսքով՝ վարպետի ստեղծած արժեքները մինչ օրս տեսանելի են Երևանի քաղաքային միջավայրում։

Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը ևս հիշեց իր աշխատանքային տարիները Թորոսյանի հետ՝ ընդգծելով նրա տաղանդը, ջերմ վերաբերմունքն ու պրոֆեսիոնալիզմը։ Նա կարևորեց նաև այն ստեղծագործական միջավայրը, որը ձևավորվել էր վարպետի ղեկավարած արվեստանոցում։

Միջոցառումը դարձավ ոչ միայն հարգանքի տուրք մեծ ճարտարապետին, այլև մասնագիտական կարևոր հարթակ՝ միավորելով տարբեր սերունդների ներկայացուցիչներին և ընդգծելով հայկական ճարտարապետության զարգացման շարունակականությունը։

Ասլան Մխիթարյան, Մանուկ Բարսեղյան․ հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Արմեն Շատվորյան․ հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Ասլան Մխիթարյան․ հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում,

Մանուկ Բարսեղյան, Էմմա Հարությունյան․ հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Մանուկ Բարսեղյան, Զարուհի Մամյան․ հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Լուսինե Ջալալյան 

Հայերեն