Հայաստանն ԱԲ ոլորտում ունի առավելություն, որը կարող է նրան կարևոր դարձնել աշխարհի համար. NVIDIA-ի փոխնախագահ

6 րոպեի ընթերցում

Գրաֆիկական քարտեր և պրոցեսորներ նախագծող ամերիկյան NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը կարծում է, որ Հայաստանն արհեստական բանականության ոլորտում առաջընթաց ունենալու մեծ ներուժ ունի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Ռև Լեբարեդյանն ընդգծեց՝ ըստ էության, այս պահին ոչ ոք դեռ չգիտի, թե ինչպես է պետք օգտագործել արհեստական բանականությունը և ինչպես համընթաց քայլել դրա զարգացման հետ։

«Քանի որ այն նոր է ու զարգանում է շատ արագ, ամբողջ աշխարհն այս առումով շատ հավասար է դարձել։  Յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր երկիր հիմա անտեղյակ է։ Սա հնարավորություն է յուրաքանչյուրի համար։  Յուրաքանչյուր ոք Հայաստանում, ով ուզում է զբաղվել արհեստական բանականությամբ և հմտանալ այդ հարցում, հավասար հնարավորություն ունի Միացյալ Նահանգներում և աշխարհի ցանկացած վայրում գտնվողների հետ։ Միայն դուք եք որոշում՝ անե՞լ դա, թե՞ ոչ»,- ասել է Լեբարեդյանը։

Արհեստական բանականությանը հասանելիության առումով նա կարևորել է համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը։  

Նրա խոսքով՝ արհեստական բանականության ոլորտում առաջընթաց գրանցելու առումով Հայաստանը մեծ ներուժ ունի։ «Եվ մեզանից է կախված՝ կօգտվե՞նք այդ հնարավորությունից, թե՞ ոչ, կօգտագործե՞նք այս հնարավորությունը, թե՞ կվատնենք այն»,- ընդգծել է Լեբարեդյանը։  

Նա ցավով նշել է, որ պատմության պատճառով իր հայրենիքում  ծնվելու հնարավորություն չի ունեցել, բայց Հայաստան եկել է, հենց դա հնարավոր է եղել։ «Ես սա համարում եմ իմ երկիրը, ես այստեղ նույնիսկ քաղաքացիություն եմ ստացել։ Ես հավատում եմ Հայաստանին, հավատում եմ նրա կարողություններին ու մտքին։ Ես հավատում եմ, որ մենք աշխատասեր ենք և հոգ ենք տանում մարդկանց մասին ու մեծ արժեքներ ունենք, և ես հավատում եմ, որ մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ աշխարհի զարգացմանը նպաստելու գործում։  Կարծում եմ՝ դուք արդեն տեսնում եք դրա ապացույցը։ Հայերի բնական աշխատանքային էթիկայի և հետաքրքրասիրության շնորհիվ է, որ մենք սկսում ենք նոր բաներ անել։ Հիմա մենք տեսնում ենք միավորում. մենք միավորում ենք այս բոլոր հնարավորությունները, և երբ մենք ունենանք ռազմավարություն, որին բոլորը կարող են մասնակցել և շարժվել նույն ուղղությամբ, արդյունքը կլինի բազմապատիկ։ Մենք այդ դեպքում առաջ կշարժվենք ավելի արագ, քան մնացած բոլորը»,- ասել է նա։

Լեբարեդյանը համաձայն է դիտարկման հետ, որ արհեստական բանականության հնարավորությունները միայն գիտության, տեխնոլոգիայի մասին չեն, նաև աշխարհաքաղաքական հզորության, նոր հնարավորությունների մասին է։

«Անշուշտ։ Եթե նայեք երկրորդ արդյունաբերական հեղափոխությանը, այն սկսվեց բոլորովին նոր տեխնոլոգիայով։ Դա էլեկտրաէներգիա արտադրելու տեխնոլոգիան էր։ Սա տեղի ունեցավ մոտ 100 տարի առաջ։ Սկզբում շատ քիչ երկրներ ունեին այն։ Դա Անգլիան էր՝ Մեծ Բրիտանիան, ապա այն սկսեց տարածվել։ Միացյալ Նահանգները նույնպես զարգացրեց այն, բայց երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի այն տարածվի այլ երկրներում։ Նրանք, ովքեր այն ավելի վաղ ունեին, ունեին առավելություն։  Նրանք էին, որ դա տարածեցին աշխարհի մնացած մասում։ Հայաստանը հիմա գտնվում է գործընթացի հենց սկզբում։ Ինչպես ասել եմ՝ մենք լինելու ենք աշխարհի լավագույն հինգ երկրներից՝ գրաֆիկական պրոցեսորների քանակով, ավելին, քան Եվրոպայի ցանկացած խոշոր երկիր։ Մենք ունենք այս առավելությունը, և կարող ենք այն օգտագործել հիմա՝ կարևոր լինելու աշխարհի մնացած մասի համար»,- մանրամասնել է Լեբարեդյանը։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքականության առումով հրաշալի է, որ տեսնում են, թե ինչպես է խաղաղություն հաստատվում Հարավային Կովկասում։  

«Հայաստանի պատմության ընթացքում միշտ եղած թերությունն այն է, որ այն փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր է լեռնային տարածաշրջանում՝ մեծ կայսրությունների խաչմերուկում, որոնք անընդհատ այն քանդել են։ Նույն այդ թերությունը մենք կարող ենք մեր առավելությունը դարձնել, եթե խելացի լինենք և սովորենք, թե ինչպես քայլել այս գծով։ Կայսրությունների խաչմերուկում գտնվելը հնարավորություն է։ Մենք կարող ենք լինել կայսրություններին կապող օղակ։ Մենք կարող ենք լինել աշխարհի կապող օղակ։ Մենք միշտ եղել ենք Արևելքի և Արևմուտքի միջև կապող օղակը։ Մենք Մետաքսի ճանապարհի կենտրոնն ենք։ Մենք կարող ենք փոխանակել մեր կարողությունները այլ երկրներից մեզ անհրաժեշտ բաների հետ։ Մենք կարող ենք նրանց էներգիան բերել մեր երկիր և կարող ենք արտահանել գիտելիքներ։ Սա մեզ կարևոր է դարձնում ոչ միայն մեզ, այլ նաև ուրիշների համար։ Հիմնականում սա մեզ համար խաղաղություն, բարգավաճում ունենալու նախապայմանն է։ Եթե դուք կարևոր չեք ուրիշների համար, ապա ինչո՞ւ նրանք  պետք է գան ձեզ օգնելու։ Մենք պետք է մեզ կարևոր դարձնենք, և ահա թե ինչպես ենք մենք դա անում»,- ասել է Լեբարեդյանը։   

2025 թվականի հունիսին հայտարարվել էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը:  Առաջին փուլի համար հայտարարվել էր 500 միլիոն դոլար ներդրումների մասին։ 2026-ի փետրվարի 10-ին Firebird-ը և ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես հայտարարել էին, որ մեկնարկում է նախագծի երկրորդ փուլը, ներդրումների ծավալը հասնելու է շուրջ 4 միլիարդ դոլարի։ Տարեվերջին նախատեսվում է գործարկել երկրորդ փուլի համար հայտարարված 50 հազար GPU-ները։   

Հայերեն العربية English Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան