«Երևանյան բեսթսելեր». «Արցունքներ դրախտում» գիրքն՝ առաջատար. թարգմանական. մարտ, 2026
11 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մարտի վաճառքների հիման վրա:
Առաջին տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։ 44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։ Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև պատերազմի դաժան իրականություն, որը անտարբեր ոչ ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը Մարատը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։
Մարիա Քորելլիի «Սատանայի վիշտը» երկրորդ տեղում է։ Աղքատության և անհայտության մեջ ապրող երիտասարդ գրող Ջեֆրի Թեմփսթը ակամայից հոգին վաճառում է սատանային և նրանից ստանում այն ամենը, ինչի մասին միայն երազում էր: Կամ՝ գրեթե ամեն ինչ: Ակամայից, քանի որ, չիմանալով, թե ով է իրականում թաքնված, ինչպես ինքն է ասում, իր լավագույն ընկերոջ կերպարի հետևում, որի հետ ծանոթացել էր իր կյանքի հավանաբար ամենաառեղծվածային և անակնկալներով լի օրը, նրան համարում է իր փոփոխական բախտի ամենահրաշալի պարգևներից մեկը։ Այժմ աշխարհիկ հասարակությունը, որը նախկինում անտեսում էր նրան, նրա ոտքերի առաջ էր: Արդեն միլիոնատեր Ջեֆրի Թեմփսթը վայելում էր այն ամենը, ինչը կարելի էր գնել փողով, երերուն հասարակական դիրք, քծնող ծառաների և սպասավորների ներկայություն, շինծու գրական փառք, արհամարհանք և դավաճանություն՝ քողարկված թվացյալ սիրո ներքո... Ու եթե առաջինների ոչ իրական լինելու փաստը նա գիտակցում էր, սիրո հարցում նրան վիճակված էր առերեսվել այն պարզ աքսիոմի հետ, որ իրական սերը չի վաճառվում: Գիրքը հրատարակվել է 1895 թվականին և դարձել վիկտորիանական Անգլիայի պատմության մեջ ամենամեծ բեսթսելլերը: Թեև գրեթե բոլոր քննադատները նշել են գրքի գրական անկատարության մասին, ստեղծագործության պաշտպանությամբ հանդես է եկել Օսկար Ուայլդը, ինչն իրականում զարմանալի չէ, գրքի առաջին մասում Ջեֆրի Թեմփսթի ուղին մեծապես կրկնում է նրա Դորիան Գրեյի բարոյական անկումը։
Աննա Ջեյնի «Երկրպագուն» գիրքը երրորդ տեղում է։ Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն փորձում է խենթացնել աղջկան, խաղում է նրա հետ, անընդհատ վախի մեջ պահում ու կախվածություն առաջացնում: Երկրպագուն լավ գիտի, թե ոնց Անգելինային իր թակարդը գցի: Անգելինա Լանսկայան՝ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին, առաջին հայացքից անմեղ հրեշտակ է թվում, բայց այդ անմեղության տակ շատ գաղտնիքներ կան թաքնված: Նա չի հիշում մանկությունը, գիշերները տանջվում է մղձավանջներից ու անընդհատ պայքարի մեջ է իր ներսի դևի հետ: Անգելինան իդեալական թեկնածու է «Լեգեոն» անունով փակ ակումբի համար: Բայց ու՞մ դերում: Զոհի՞, թե՞ մարդասպանի: Սե՞ր, թե՞ մահ: Ի՞նչն է հաղթելու: Արյունոտ խաղադրույքները արված են:
Աննա Ջեյնի «Հիասքանչ վհուկը» չորրորդ տեղում է։ Ինձ հաջողություն մաղթեք. ես նվաճելու եմ երկաթե սրտով, քարե ուսերով և անտանելի բնավորությամբ մարդու: Ես չգիտեմ, թե ինչ եմ ավելի շատ ցանկանում՝ խեղդե՞լ, թե՞ գրկել նրան: Նա ձանձրալի մարդ է, ով աշխատում է ամեն ինչ ճիշտ անել, բայց միևնույն ժամանակ, այնպիսի խելահեղ բաներ է անում, որոնք ես երբեք չէի համարձակվի անել: Նա համալսարանում դասախոս է, իսկ ես չորրորդ կուրսի ուսանողուհի: Նա դեռ չգիտի որ դառնալու է իմ ընկերը: Բայց դա միայն ժամանակի հարց է, այնպես չէ՞: Ես ցանկացած գնով հասնելու եմ իմ ուզածին: Զգուշացի՛ր, սիրելի՛ս, ես թռչում եմ քեզ մոտ ցախավելիս վրա նստած:
Գրեգորի Դեյվիդ Ռոբերթսի «Շանտարամ»-ը հինգերորդ հորիզոնականում է։ «Նայելով շուրջս եւ ունկնդրելով հետնախորշերի՝ բոլոր կողմերից վեր ելնող շնչառությունը, ծիծաղն ու անզիջում երաժշտությունը՝ հիշեցի Խադերբհայի սիրած արտահայտություններից մեկը, որը նա հաճախ էր կրկնում. «Մարդկային սրտի յուրաքանչյուր զարկ հնարավորությունների մի ամբողջ տիեզերք է...»: Եվ կարծես հիմա ես լիովին ըմբռնեցի այդ արտահայտության բուն իմաստը: Նա ուզում էր ասել, որ յուրաքանչյուր մարդ ի զորու է փոխել իր ճակատագիրը: Ես միշտ համարել եմ, որ ճակատագիրն ի ծնե է տրվում, որ այն անփոփոխ է, ինչպես աստղային շրջապտույտը, բայց, ի վերջո, հասկացա, որ կյանքն իրականում շատ ավելի խորհրդավոր ու գեղեցիկ է, եւ Ճշմարտությունն այն է, որ ինչ հանգամանքներում էլ հայտնվես, որքան էլ երջանիկ կամ դժբախտ լինես, սիրով լի մեկ մտքով կամ արարքով կարող ես ամբողջովին փոխել կյանքդ»:
Վեցերորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:
Աննա Ջեյնի «Կոտրված սիրտը» յոթերորդ տեղում է։ Ես ամեն օր տեսնում եմ նրան դիմացի տան պատուհանից: Նա իմ նոր դպրոցի ամենաուժեղ տղան է: Գեղեցիկ, վտանգավոր և միայնակ տղան, ում համար բոլորը խենթանում են, իսկ նա ինձ չի էլ նկատում: Մի անգամ նա փրկեց ինձ դասընկերուհիներիցս, ովքեր որոշել էին իմ կյանքը դժոխքի վերածել: Բոլորի մոտ հայտարարեց, որ ես իր ընկերուհին եմ և գողացավ իմ առաջին համբույրը: Այժմ ոչ ոք չի համարձակվում ինձ վիրավորել, քանի որ չեն ուզում նրա հետ որևէ գործ ունենալ: Փոխարենը ես պետք է կատարեմ նրա յուրաքանչյուր ցանկությունը: Ես նրան տանել չեմ կարողանում, բայց ստիպված եմ ենթարկվել, եթե ուզում եմ դպրոցը առանց խնդիրների ավարտել: Ու՞մ սիրտն է կոտրվելու: Ի՞մ, թե՞ նրա:
Ութերորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:
Իններորդ հորիզոնականում է Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը։ Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով՝ տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։ Թարգմանեց Նունե Թորոսյանը։
Տասներորդ տեղում է Ֆրանկ Տիլյեի «Գլուխկոտրուկ» գիրքը։ Որտե՞ղ է իրականության և երևակայության անտեսանելի սահմանը։ Այս հարցի պատասխանը պետք է բացահայտեն Իլանը և Քլոեն՝ առեղծվածային խաղի՝ «Պարանոյայի» մասնակիցները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններով է ընթանում այս խաղը, և ինչպես այն կավարտվի, սակայն մի բան հաստատ է․ հաղթողին խոստացված է խոշոր դրամական պարգև՝ երեք հարյուր հազար եվրո, որի համար մասնակիցները պատրաստ են անգամ ամենադաժան և անսպասելի քայլերին։ Խաղը տանում է ֆրանսիական Ալպերի մութ խորքերը՝ դեպի լքված հոգեբուժարան, որտեղ մեկ տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնաբերվել էին ութ դիակ… Հինգ տղամարդ և երեք կին սառնասրտորեն սպանվել էին քնի մեջ։ Այժմ խաղացողները կրկին ութն են։ Ո՞վ է նրանցից կենդանի մնալու, և արդյո՞ք կլինի այդպիսի մեկը…
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | +5 | ![]() | Գամիդ Ամիրով, «Արցունքներ դրախտում» | Բուկինիստ | 172 |
| 2 | +1 | ![]() | Մարիա Քորելլի, «Սատանայի վիշտը» | Բիբլիոն | 83 |
| 3 | +6 | ![]() | Աննա Ջեյն, «Երկրպագուն» | Բուքփրայզ | 60 |
| 4 | * | ![]() | Աննա Ջեյն, «Հիասքանչ վհուկը» | Բուքփրայզ | 60 |
| 5 | -4 |
| Գրեգորի Դեյվիդ Ռոբերթս, «Շանտարամ» | Բուկինիստ ևԴավինչի | 57 |
| 6 | * | ![]() | Հերման Հեսսե, «Սիդհարթա» | Քյուրքչյան | 53 |
| 7 | * | ![]() | Աննա Ջեյն, «Կոտրված սիրտը» | Բուքփրայզ | 53 |
| 8 | * | ![]() | Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա» | Անտարես | 46 |
| 9 | * | ![]() | Ուիլյամ Սարոյան, «Մարդկային կատակերգություն» | Անտարես | 46 |
| 10 | * | ![]() | Ֆրանկ Տիլյե, «Գլուխկոտրուկ» | Դավինչի | 45 |









