Հայաստանում վերջին 8 տարում կառուցվել և նորոգվել է 4735 կմ ճանապարհ
1 րոպեի ընթերցում

Հայաստանում գործող իշխանության կառավարման տարիներին՝ 2018-2025 թվականներին, իրականացվել է 4735 կմ ճանապարհների կառուցման, հիմնանորոգման և նորոգման աշխատանք, որից 1346 կմ-ը՝ սուբվենցիոն ծրագրերով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Նա հիշեցրեց, որ նախկինում խնդիրներ կային հանրապետության կարևորագույն մայրուղիների վրա՝ նշելով Բագրատաշեն-Երևան, Երևան-Գորիս, Երևան-Մեղրի, Երևան-Գյումրի և Երևան-Վանաձոր ճանապարհների վիճակը։
Վարչապետի խոսքով՝ այսօր արդեն իրականացվել են ռազմավարական նշանակության ճանապարհաշինական ծրագրեր, որոնց մասին տասնամյակներ շարունակ խոսվել է։
«Հյուսիս-Հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը այլևս իրողություն է։ Մենք այնպիսի ռազմավարական նշանակության ճանապարհներ ենք կառուցել կամ հիմնանորոգել, որոնց մասին 1993 թվականից խոսվում է»,- նշեց Փաշինյանը։
Նա նաև օրինակ է բերել Գանձաքար-Իծաքար ճանապարհը՝ ընդգծելով, որ դրա ասֆալտապատման մասին խոսակցություններ են եղել դեռևս իր ուսանողական տարիներին։