ԱՄՆ-ն հայտարարել է իրանական նավահանգիստների լիակատար շրջափակման մասին, որն իրականացնում է 10 000 զինծառայող
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը լիովին շրջափակել են իրանական նավահանգիստները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունը հրապարակվել է X-ում հրամանատարության էջում։
«Իրանական նավահանգիստների շրջափակումը լիովին իրագործվում է, քանի որ ամերիկյան ուժերը պահպանում են Մերձավոր Արևելքում ծովային գերազանցությունը։ Ըստ գնահատումների՝ Իրանի տնտեսության 90%-ը սնուցվում է ծովով միջազգային առևտրի միջոցով», - նշված է հաղորդագրության մեջ։
CENTCOM-ի հրամանատարի պնդմամբ՝ շրջափակման ուժի մեջ մտնելուց հետո գրեթե 36 ժամվա ընթացքում ԱՄՆ ուժերը «լիովին կասեցրել են» ծովով Իրան մտնող և այնտեղից դուրս եկող առևտրային հոսքերը։
Մեկ այլ հաղորդագրության մեջ Կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռային ականակիրներն այն միջոցների թվում են, որոնք իրականացնում են Իրանի նավահանգիստների շրջափակումը:
«Շրջափակումն անկողմնակալորեն կիրառվում է բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս Իրանի ափամերձ տարածքներից կամ նավահանգիստներից: Սովորական ականակիրն ունի ավելի քան 300 նավաստիներից բաղկացած անձնակազմ, որոնք բարձր որակավորում ունեն հարձակողական և պաշտպանական ծովային գործողություններ իրականացնելու գործում», - հայտնել է CENTCOM-ը:
Ավելի վաղ հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերն ավելի քան 10 000 զինծառայող, ավելի քան 10 նավ և տասնյակ ինքնաթիռներ են տեղակայել իրանական նավահանգիստների շրջափակումն իրականացնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ շրջափակման հայտարարումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում ոչ մի նավ չի ճեղքել շրջափակումը, իսկ վեց առևտրային նավ ԱՄՆ զինված ուժերի հրահանգով փոխել է ուղղությունը և վերադարձել Օմանի ծոցում իրանական նավահանգիստ։