Լիբանանում ապրիլի 8-ի իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 203-ի
1 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 8-ին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը ամբողջ երկրում հասել է 203-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր 182 զոհի, 890 վիրավորի մասին։
Ընդհանուր առմամբ, մարտի 2-ին «Հեզբոլլահ»-ի հարվածներից հետո իսրայելական պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Լիբանանում զոհվել է շուրջ 1740 մարդ։
Տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի հարվածները Լիբանանին՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելի հարվածները Լիբանանին ԱՄՆ-ի հետ ձեռք բերված հրադադարի «կոպիտ խախտում» են։ Նրա խոսքով՝ Իրանը «Մերձավոր Արևելքում բոլորին խնդրում է հետևել այս համաձայնությանը» և սպասում է, որ նույնն ամերիկացիները կանեն իրենց դաշնակիցների դեպքում։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ համաձայնությամբ չի նախատեսվում, որ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։