Իրան

Հեգսեթը հայտարարել է, որ հրադադարն «իրական խաղաղության» հնարավորություն է տալիս

3 րոպեի ընթերցում

Հեգսեթը հայտարարել է, որ հրադադարն «իրական խաղաղության» հնարավորություն է տալիս

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված հրադադարը հնարավորություն է տալիս հասնել «իրական խաղաղության և իրական համաձայնագրի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա ելույթից մի քանի հատված է մեջբերել BBC-ն։

Նա նշել է, որ այսօր «կարևոր օր է համաշխարհային խաղաղության համար»՝ պնդելով, թե Իրանը խնդրել է, որ այս հրադադարը հաստատվի։

Հեգսեթը նաև հավելել է, որ իր գերատեսչությունն «այս պահի դրությամբ» կատարել է իր դերը, բայց պատրաստ կլինի այնպես անել, որ Իրանը պահպանի յուրաքանչյուր ողջամիտ պայման։

Նա նաև հիշատակել է ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված մի շարք բարձրաստիճան իրանցի գործիչների անուններ, այդ թվում՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որը զոհվել է փետրվարի 28-ին՝ հարձակման առաջին օրը։

Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն «գլխատել է» Իրանի զինված ուժերին։

Պենտագոնի ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրել է «գթասրտություն» ցուցաբերել։ Նրա խոսքով՝ Իրանը հրադադարն ընդունել է «մեծ ճնշման» պայմաններում, իսկ եթե հրաժարվեր, ապա «հաջորդ թիրախները կլինեին Իրանի էլեկտրակայանները, կամուրջները, նավթային և էներգետիկ օբյեկտները»։

«Նախագահ Թրամփն իշխանություն ուներ րոպեների ընթացքում կաթվածահար անելու Իրանի ամբողջ տնտեսությունը, բայց նա ընտրեց գթասրտությունը», - նշել է ԱՄՆ պատերազմի նախարարը։

Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հենց սկզբից հստակ ասել էր», որ Իրանը միջուկային զենք չի ունենա, և որ բանակցային համաձայնագրի պայմանների համաձայն՝ ցանկացած միջուկային նյութ, որը Իրանը «չպետք է ունենա», կհեռացվի։

Հեգսեթը նաև Իսրայելին բնութագրել է որպես ԱՄՆ-ի «քաջ, կամեցող և ունակ դաշնակից»։ Նա նշել է, որ մնացած աշխարհը և ԱՄՆ-ի այլ «այսպես կոչված» դաշնակիցները «պետք է որոշակի նշումներ կատարեն»։

ԱՄՆ նախագահը վերջերս բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին՝ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի կողքին չկանգնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում