Իրանի բանակի հրամանատարը կոշտ պատասխան է խոստացել երկրի վրա հարձակման դեպքում
1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում հրադադարի պայմաններում Իրանի բանակի հրամանատար Ամիր Խաթամին խոստացել է ջախջախիչ պատասխան տալ Իրանի վրա հարձակվելու դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
«Մեր սահմանների և մեր տարածքի վրա ցանկացած հարձակում կհանդիպի ջախջախիչ պատասխանի, որը կստիպի զղջալ», - ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի վրա հարվածները երկու շաբաթով դադարեցնելու մասին և վստահեցրել էր, որ հրադադարը լինելու է երկկողմ։ Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է տասը կետից բաղկացած Իրանի առաջարկին, և Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։
Դրանից հետո Իսրայելը հայտարարեց, որ նույնպես դադարեցնում է Իրանի վրա գրոհները՝ հավելելով, սակայն, որ հրադադարը չի տարածվի Լիբանանի վրա։