Մերձավորարևելյան հակամարտության դիվանագիտական կարգավորման «պատուհանն արագ փակվում է»․ Կատարի ԱԳՆ
2 րոպեի ընթերցում

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին հայտնել է, որ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության դիվանագիտական կարգավորման «պատուհանն արագ փակվում է»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
«Մենք մոտ ենք այն կետին, երբ տարածաշրջանում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից», - նշել է նա։
Խոսնակը նաև ընդգծել է, որ ռազմական գործողությունների երկարատև բնույթը ոչ մի պետության երկարաժամկետ շահերին չի ծառայում։
«Եթե այս պատերազմը շարունակվի, հաղթողներ չեն լինի», - ասել է նա։
Կարևորագույն ռեսուրսների և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ սպառնալիքների առնչությամբ խոսնակը նշել է, որ «քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա որևէ կողմի հարձակումները չպետք է ընդունելի լինեն»։
Ալ-Անսարին նաև անդրադարձել է տարածաշրջանային ծովային միջանցքների, մասնավորապես՝ աշխարհի ամենակարևոր նավթային տարանցիկ ուղու շուրջ աճող լարվածությանը։
«Հորմուզը բնական նեղուց է, այլ ոչ թե ջրանցք, և տարածաշրջանի բոլոր երկրներն իրավունք ունեն ազատորեն օգտվել դրանից», - ասել է ալ-Անսարին։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։
Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ հանդիսանալով հազարավոր զոհերի և առաջացնելով էներգակիրների մատակարարման պատմության մեջ ամենամեծ խափանումը և միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։