Եվրոպա

Վենսը Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետին՝ երկրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

2 րոպեի ընթերցում

Վենսը Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետին՝ երկրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկօրյա այցով ժամանել է Բուդապեշտ, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ինչպես նաև մասնակցությունը հունգարաամերիկյան բարեկամության օրվան նվիրված հանրահավաքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:  

Նախքան երկկողմ հանդիպումը լրագրողների առջև շփման ժամանակ Օրբանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ փոխնախագահին այցի համար՝ «հատկապես համաշխարհային քաղաքականության համար նման լարված պահի»:

Վենսն իր հերթին շեշտել է ԱՄՆ-ի և Հունգարիայի բարեկամության կարևորությունը և նախագահ Դոնալդ Թրամփի սերը փոխանցել Օրբանին:

«Հունգարիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն ու բարեկամությունը մեզ համար շատ կարևոր են՝ մասամբ այն պատճառով, որ մենք սիրում ենք հունգար ժողովրդին և այս հրաշալի ազգին ու մշակույթը, բայց մասամբ էլ այն պատճառով, որ (ԱՄՆ) նախագահը սիրում է ձեզ, և ես՝ նույնպես, որովհետև դուք շատ կարևոր մասն եք կազմում այն ​​ամենի, ինչը Եվրոպան դարձրել է ուժեղ և բարգավաճ», - ասել է Ջեյ Դի Վենսը:

ԱՄՆ փոխնախագահի այցը տեղի է ունենում ապրիլի 12-ին Հունգարիայում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ՝ ի նշան աջակցույթան Օրբանին, որը Հունգարիան կառավարում է 2010 թվականից:

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Facebook-ում գրել է, որ վերջին անգամ ԱՄՆ փոխնախագահը Հունգարիա է այցելել 35 տարի առաջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում