«Նոր գիրք»-13/26. Նալբանդյան, դյու Մորիե, Հովհաննիսյան

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո: 

Հայ գրականություն

Գնել Նալբանդյան, «Մի՛ վախեցիր»

1990-ականների սկիզբ. երևանյան և արցախյան բարդ և հակասական իրողություններ։ Մի կողմում ազատագրական պայքարի վեհ գաղափարն է, մյուսում՝ պատերազմի քաոսն ու անձնական շահը։ Պատմություն բարդ ու հակասական ժամանակների մասին, պատմություն, որի հերոսներն ու հակահերոսները հաճախ ունեն իրական նախատիպեր, դրվագները՝ վավերագրական հիմք։ Որոշ դրվագներում հեղինակը վերարտադրել է իր հետ կատարված դեպքերը հայ-ադրբեջանական ռազմաճակատային գծի տարբեր հատվածներում։ Ի տարբերություն ընդունված կարգի՝ այս գրական գործը ծնվել է համանուն հայտնի ֆիլմի նկարահանումից հետո։ Գրքում ներկայացված որոշ դրվագներ ֆիլմում չեն եղել, կամ ֆիլմի որոշ դրվագներ չկան վիպակում։ Այն կառուցված է ըստ (5-մասանոց) ֆիլմի սցենարի, որի համահեղինակներն են Լևոն Գալստյանը և Գնել Նալբանդյանը։ Սցենարիստներին գործուն աջակցություն են ցուցաբերել «Մի՛ վախեցիր» ֆիլմի մտահղացման հեղինակ Ալեքսան Հարությունյանը և ռեժիսոր Արամ Շահբազյանը։Երկու տասնամյակ անց վերահրատարակվող վիպակը հրավիրում է մեր ոչ վաղ անցյալի վճռորոշ էջերը վերապրել սթափ հայացքով և անմիջական մասնակցի զգացողությամբ։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

 Թարգմանական գրականություն

Դաֆնի դյու Մորիե, «Իմ զարմուհի Ռեյչլը»

Անգլիացի գրող Դաֆնի դյու Մորիեի վեպը, որը տպագրվել Է 1951 թվականին, սիրավեպի և հոգեբանական թրիլլերի հրաշալի համադրություն է: Սեր և ատելություն, պատիժ և հատուցում, բուռն կրքեր և իրադարձությունների խելահեղ արագություն. վեպի հերոսները ճաշակում են զգացմունքների ամբողջ գունապնակը և ներկայացնում մարդկային էության անսպասելի ու թաքնված նրբությունները: Թարգմանությունն անգլերենից՝ Աստղիկ Աթաբեկյանի։ Խմբագիր՝ Նելլի Հայրապետյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Սուսաննա Հովհաննիսյան, Վահան Տերյան, Հովհաննես Թումանյան և Նվարդ (վավերագրեր և վերլուծություններ)

Մենագրության մեջ փաստական ամուր հիմքի վրա ուրվագծվում է տերյանագիտության անցած ուղին, ներկայացվում են Հովհաննես Թումանյանի և Վահան Տերյանի անձնական և գրական առնչությունները, մի շարք երկերի ստեղծագործական և Վահան Տերյանի ու Նվարդ Թումանյանի բարեկամության պատմությունը:

Առաջին անգամ ամբողջական բնագրից հրապարակվում և գիտական շրջանառության մեջ են դրվում Նվարդ Թումանյանի հուշերը Վահան Տերյանի մասին: Բացահայտվում են Տերյանի մի շարք բանաստեղծությունների կենսական ազդակները:

Ուսումնասիրությունը նախատեսված է ինչպես մասնագիտական շրջանների, թումանյանագիտության և տերյանագիտության ասպարեզում աշխատողների, այնպես էլ հայ երկու դասականների կյանքով ու ստեղծագործությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակի համար:

Նվիրվում է Վահան Տերյանի 140-ամյակին և Նվարդ Թումանյանին: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում