Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը լավ և շատ լավ արդյունքներ ենք ակնկալում մեր մարզիկներից. Արայիկ Հարությունյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մեծ սպասելիքներ ունի կանանց ու տղամարդկանց թիմերից, որոնք գալիք օրերին կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
«Ըստ էության, մինչև Եվրոպայի առաջնությունը շատ քիչ ժամանակ է մնացել: Հետևելով մարզումներին ու զեկույցներին` մենք լավ ենք նախապատրաստվել: Շատ կարևոր է, որ բարոյահոգեբանական վիճակը երկու թիմերում էլ, ինչպես նաև երիտասարդների ու պատանիների շրջանում շատ լավ է: Եվ կարծում եմ, որ հոգեբանական առումով դա լրացուցիչ խթան է, լավ արդյունքներ ցույց տալու համար: Իսկ Եվրոպայի առաջնությանը լավ և շատ լավ արդյունքներ ենք ակնկալում մեր մարզիկներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի խոսքով` հավաքականների առջև խնդիր է դրված առնվազն ցուցադրել այն լավագույն արդյունքները, որը եղել են վերջին տարիներին:
«Կարծում եմ, որ մենք կարող ենք լավ արդյունք ցույց տալ, հաշվի առնելով թե նախապատրաստական աշխատանքները ինչպես են առաջ գնում, և թե ինչպիսի լավ արդյունքներ են ցույց տալիս մեր մարզիկները մարզումների ժամանակ»,-առանձնացրեց նա:
Այս օրերին Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները վերջին ուսումնամարզական հավաքներն են անցկացնում Երևանում` պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Բաթումի քաղաքում: Առաջնությունը կկայանա ապրիլի 19-26-ը: