ՀՀ ՏԿԵ փոխնախարարը և Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերը
2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ողջունել է հյուրերին՝ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը կարևորել է հատկապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԱԶԲ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, ծրագրերն ու նախագծերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներին, Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման ծրագրերին, որոնք ունեն ռազմավարական նշանակություն երկրի տրանսպորտային կապերի զարգացման և երթևեկության ավելացող հոսքերի սպասարկման տեսանկյունից։
Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է նաև թունելների ու ճանապարհների անվտանգության բարձրացմանը և կլիմայի հարմարվողականությանն ուղղված ուսումնասիրություններն ու ծրագրերը՝ ընդգծելով գործընկերների տեխնիկական աջակցության և փորձագետների ներգրավման կարևորությունը։
Կողմերն ընդգծել են, որ նշված ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։