Կրթություն

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացված Հայկական համադպրոցական գիտության փառատոնին այս տարի մասնակցել է շուրջ 140 սովորող Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 ուսումնական հաստատությունների միջին և ավագ դասարաններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծեր հինգ հիմնական անվանակարգերում․

  • «Մաթեմատիկա և ծրագրավորում» (14 նախագիծ)
  • «Ֆիզիկա և աստղագիտություն» (10 նախագիծ)
  • «Քիմիա» (18 նախագիծ)
  • «Կենսաբանություն» (18 նախագիծ)
  • «Հասարակական գիտություններ» (18 նախագիծ)

«Սովորողները նորարարական գաղափարներն այս տարի ևս բազմազան էին․ մի մասը վերաբերում էր բնապահպանական խնդիրներին՝ առաջարկելով օդի ու ջրի աղտոտման լուծումներ, էներգիայի այլընտրանքային աղբյուրներ և խելացի լուծումներ քաղաքում և բնության մեջ։ Քիչ չէին նաև ԱԲ կիրառությանը, փրկարար ռոբոտների ու օժանդակ տեխնոլոգիաների նախագծմանը միտված աշխատանքները։ Միաժամանակ աճել է հետաքրքրությունը հասարակագիտական հետազոտությունների նկատմամբ՝ թվային տեխնոլոգիաներով ուղեկցվող սոցիոլոգիական, իրավական ու պատմական նախագծերով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Յուրաքանչյուր անվանակարգում սովորողներն արժանացել են 1-րդ, 2-րդ, 3-րդ կարգի մրցանակների, պատվոգրերի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակների։

Փառատոնի երկուական մրցանակակիր նախագծերը կներկայացվեն Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայանալիք ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին և Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթին։ Սա թույլ կտա մասնակիցներին ձեռք բերել միջազգային խոշոր մրցույթներին ներկայանալու հմտություններ, ծանոթանալու միջազգային ամենաբարձր չափանիշներին և փոխանակելու իրենց հետազոտական գաղափարներն աշխարհի տարբեր երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ։

Փառատոնի մրցանակակիրների վերաբերյալ տեղեկատվությունը՝ կից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում