Սթարմերը ՆԱՏՕ-ն բնութագրել է որպես «ամենաարդյունավետ դաշինք»՝ հակադրվելով Թրամփի խոսքերին
1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականության վերաբերյալ: Մամուլի ասուլիսում Սթարմերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «ամենաարդյունավետ ռազմական դաշինքն է»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Նախ, ՆԱՏՕ-ն աշխարհում երբևէ ստեղծված ամենաարդյունավետ ռազմական դաշինքն է, և այն մեզ անվտանգ է պահել տասնամյակներ շարունակ, և մենք լիովին նվիրված ենք ՆԱՏՕ-ին։ Երկրորդ, անկախ ինձ վրա և ուրիշների վրա ճնշումից, անկախ աղմուկից, ես գործելու եմ՝ իմ կայացրած բոլոր որոշումներում առաջնորդվելով Մեծ Բրիտանիայի ազգային շահերով», - ասել է նա։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում հակամարտությանը՝ նա շեշտել է, որ դա Մեծ Բրիտանիայի պատերազմը չէ, և իրենք դրա մեջ չեն ներքաշվի։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ քննադատել էր Սթարմերին՝ Իրանի դեմ պատերազմում իրենց չօգնելու համար:
Բացի այդ, Telegraph-ի հետ զրույցում Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն բնութագրել էր որպես «թղթե վագր»՝ հավելելով, որ լրջորեն դիտարկում է դաշինքին անդամակցության դադարեցումը: Նա կրկին շեշտել էր, որ դաշնակիցներն ԱՄՆ-ի կողքին չեն եղել Թեհրանի դեմ պատերազմում: