Կապանի օդանավակայանին միջազգային կարգավիճակ տալու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում

5 րոպեի ընթերցում

Մարտի 31-ից վերագործարկվել են Կապան-Երևան-Կապան ավիաթռիչքները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին՝ պայմանավորված չվերթները սպասարկող միակ օդանավի տեխնիկական սպասարկման աշխատանքների անհրաժեշտությամբ։  

Չվերթները սպասարկող NovAir ընկերության ծրագրերի, վերագործարկված Կապան-Երևան-Կապան ավիաթռիչքների, ինչպես նաև Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային օդանավակայանի կարգավիճակ տալու թեմաների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է NovAir ընկերության և «Սյունիք» օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանի հետ։ 

Կապան-Երևան-Կապան ավիաթռիչքների վերագործարկում՝ ժամանակավոր դադարից հետո

Կարեն Վարդանյանն ընդգծեց, որ սեպտեմբերին, երբ ընկերության միակ օդանավի շահագործման 10 տարին լրացավ, այն ՝ ըստ տեխնիկական սպասարկման  ծրագրի, տեղափոխվեց  Չեխիայի Հանրապետություն՝ Բռնո քաղաք, որտեղ իրականացվեց ամբողջական սպասարկում: Աշխատանքների ավարտից հետո  օդանավը վերադարձավ Հայաստան մարտի 24-ին, և դրանից կարճ  ժամանակ  անց չվերթները վերականգնվեցին:

«2025 թվականի սեպտեմբերի 3-ից դրանք դադարեցված էին՝ բացառապես տեխնիկական   անվտանգության նկատառումներով»,- ասաց Վարդանյանը:

Չվերթները սպասարկող ընկերությունը պահպանում է բոլոր անհրաժեշտ ստանդարտներն ու պահանջները: Թռիչքներն իրականացվում են հաստատված չվացուցակով՝ լիարժեք համապատասխանելով  անվտանգության և տեխնիկական սպասարկման միջազգային նորմերին:

«Ծրագիրը փուլ առ փուլ ընդլայնվել է՝ պայմանավորված պահանջարկի  աճով: 2023 թվականին  այն մեկնարկվեց  շաբաթական երկու չվերթով, այնուհետև  դարձավ երեք, իսկ 2024 թվականի  ապրիլից իրականացվում է  արդեն շաբաթական հինգ օր՝ երկուշաբթիից  ուրբաթ: Երևանից չվերթը մեկնարկում է ժամը 10:00-ին, իսկ Կապանից վերադարձը՝ 12:00-ին: Տոմսերի գնագոյացումը պահպանվում է  սոցիալական տրամաբանությամբ: Չնայած  իրական ինքնարժեքը զգալիորեն բարձր է՝ մեկ ուղղությամբ տոմսի գինը չի փոփոխվել  և շարունակում է կազմել 20 հազար դրամ։  «Այսպիսով, Կապան-Երևան ավիաչվերթների ծրագիրը, հաղթահարելով ժամանակավոր  դադարը, շարունակում է  իր գործունեությունը ՝ նպատակ ունենալով ընդլայնել հնարավորություններն առաջիկայում»,- ներկայացրեց Կարեն Վարդանյանը: 

Ֆինանսական խնդիրների պատճառով Կապան-Երևան-Կապան չվերթների ծրագրի լայնածավալ  ընդլայնման պլաններ այս պահին չկան Անդրադառնալով հարցին, թե արդյոք NovAir ընկերության պլաններում կա՞ երկրորդ օդանավ ձեռք բերելու հարց, որպեսզի օդանավի տեխնիկական սպասարկման պատճառով չվերթները ստիպված չլինեն դադարեցնել՝ Վարդանյանն ասաց.

«Ֆինանսական  սահմանափակումները  դեռևս թույլ  չեն տալիս  ծրագրի  լայնածավալ ընդլայնում: Ներկայում ավիաընկերությունը չունի երկրորդ օդանավ ձեռք բերելու հնարավորություն, սակայն պետական սուբսիդավորման դեպքում այդ հարցը կարող է վերանայվել»,-ասաց նա:   

Արդյոք Կապանի օդանավակայանից թռիչքների աշխարհագրությունն  ընդլայնելու պլաններ կա՞ն

Խոսելով Կապանի օդանավակայանից նոր ուղղություններով, մասնավորապես դեպի Գյումրի չվերթներ սկսելու հնարավորության մասին՝ NovAir  ընկերության և «Սյունիք» օդանավակայանի տնօրենը նշեց, որ դա կախված է պահանջարկից.

«Նոր ուղղությունների գործարկումը կախված է  պահանջարկից. օրինակ, Կապան- Գյումրի չվերթի  հնարավորությունը կարող է  քննարկվել համապատասխան  պահանջարկի դեպքում»,- ասաց նա:  

Ի՞նչ փուլում է «Սյունիք» օդանավակայանին միջազգային օդանավակայանի կարգավիճակ տալու հարցը 

«Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ տալու հարցն ավելի վաղ քննարկվել էր ՀՀ կառավարության նիստում։  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Վարդանյանը նշեց՝ Կապանի օդանավակայանը ներկայում ներքին  կարգավիճակ ունի, սակայն իրականացվում  են քայլեր  այն միջազգային  օդանավակայան  դարձնելու  ուղղությամբ: Տարվող աշխատանքների վերաբերյալ այլ մանրամասներ Կարեն Վարդանյանը չհայտնեց։

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ը մեկնաբանություն խնդրեց նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանից. նա փոխանցեց, որ «Սյունիք» օդանավակայանին միջազգային օդանավակայանի կարգավիճակ տալու հարցը ՀՀ կառավարության օրակարգում է։  

Լուսինե Ջալալյան

Հայերեն English Español Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին