Իրան

Իսրայելը Բեյրութի որոշ շրջանների բնակիչներին հեռանալու կոչ է ուղղել՝ Լիբանանում ցամաքային գործողությունների ընդլայնման ֆոնին

3 րոպեի ընթերցում

Իսրայելը Բեյրութի որոշ շրջանների բնակիչներին հեռանալու կոչ է ուղղել՝ Լիբանանում ցամաքային գործողությունների ընդլայնման ֆոնին

Իսրայելի բանակը նախազգուշացրել է Բեյրութի հարավային արվարձանների յոթ շրջանի բնակիչներին լքել իրենց տները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։

Բանակը հայտնել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներն այդ տարածքներում։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հրամայել է բանակին ընդլայնել իր գործողությունները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից շարունակվող հրթիռակոծությունների ֆոնին։

«Ես հիմա հրահանգել եմ ընդլայնել գոյություն ունեցող անվտանգության գոտին՝ ներխուժման սպառնալիքը վերջնականապես կանխելու և հակատանկային հրթիռային կրակը մեր սահմանից հեռացնելու համար», - հայտարարել է Նեթանյահուն Իսրայելի հյուսիսային հրամանատարությանը տեսաուղերձում։

Նեթանյահուն ասել է, որ որոշման նպատակն է ամրապնդել Իսրայելի անվտանգության դիրքերը երկրի հյուսիսային սահմանի երկայնքով։

«Մենք վերացրել ենք «Հեզբոլլահ»-ի հազարավոր ահաբեկիչների, և ամենակարևորը՝ վերացրել ենք 150 000 հրթիռների հսկայական սպառնալիքը, որոնք նախատեսված էին Իսրայելի քաղաքները ոչնչացնելու համար», - ասել է նա։

Նա հավելել է, որ «Հեզբոլլահ»-ը դեռևս ունի հրթիռներ արձակելու մնացորդային կարողություն,  և որ իսրայելական ուժերը վճռականորեն տրամադրված են՝ արմատապես փոխելու իրավիճակը հյուսիսում։

Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը մի քանի ճակատով արշավ է վարում Իրանի և նրա դաշնակից խմբավորումների, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի և Գազայում գործող պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ՝ հավելելով, որ Իսրայելի գործողությունները թուլացնում են Իրանի տարածաշրջանային ազդեցությունը։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ հրթիռային հարվածներով թիրախավորել է սահմանային հատվածներում իսրայելցի զինվորների հավաքատեղիները և նրանց տրանսպորտային միջոցները, ինչպես նաև սիրիական Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական բանակի ենթակառուցվածքները։

Լիբանանում Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը հարվածներ հասցրեց Իսրայելին՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի հարվածների և ցամաքային գործողությունների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 1200 մարդ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և բժշկական ոլորտի աշխատակիցներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում