Կրթությունը Հայաստանի համար ռազմավարությունների ռազմավարությունն է․ վարչապետ
1 րոպեի ընթերցում

Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղությունն է և հանդիսանում է ռազմավարությունների ռազմավարություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Կառավարությունն ընդունել է Հայաստանի ինստիտուցիոնալ և տնտեսական վերափոխման ծրագիրը, որի շրջանակում կրթությանը տրվել է առաջնային նշանակություն։
«Գիտեք, որ ընդունել ենք Հայաստանի ինստիտուցիոնալ և տնտեսական վերափոխման ծրագիրը, որտեղ կրթությունը հռչակել ենք ռազմավարությունների ռազմավարություն։ Դա նշանակում է, որ մեզ համար կրթությունից ավելի կարևոր ռազմավարություն չկա»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ կրթությունը հիմք է հանդիսանում բոլոր ոլորտներում խնդիրների լուծման համար՝ ներառյալ արտաքին քաղաքականությունը։
«Եթե մեր արտաքին քաղաքական որևէ հարց ենք ուզում լուծել և չենք կարողանում լուծել, մենք մեզ հարց պետք է տանք և այդ հարցի պատասխանը ստանանք կրթության միջոցով։ Այդպես է բոլոր ոլորտներում»,- նշեց նա։