Իրանի «Բուշեր» ատոմակայանում աշխատող «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից Հայաստանի տարածքով տարհանվել է
2 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքով «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ևս 164 աշխատակից է տարհանվել իրանական «Բուշեր» ատոմային էլեկտրակայանից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանությունը։
«Մարտի 27-ին ռուս դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների համակարգված գործողությունների շնորհիվ «Ռոսատոմ»-ի ևս 164 աշխատակիցներ, որոնք տարհանվել էին «Բուշեր» ԱԷԿ-ից և Իրանից Հայաստան էին ժամանել «Նորդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով, մեկնել են հայրենիք: Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին, որոնք Երևանից հատուկ չվերթով մեկնել են Մոսկվա, տարհանվել են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ»,-հայտնում է դեսպանությունը։
Նշվում է, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած պատերազմի սկզբից ի վեր Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 327 Ռուսաստանի քաղաքացի։
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին բարի վերաբերմունքի և «Ռոսատոմ»-ի աշխատակիցների մուտքը օպերատիվ ձևակերպելու համար»,-ասված է ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախօրեին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին վերահաստատել էր իր խորը մտահոգությունը Իրանի «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում օրերս տեղի ունեցած ռազմական հարվածների վերաբերյալ, որոնցից վերջինը տեղի է ունեցել մարտի 24-ի երեկոյան։