Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 1116-ի
2 րոպեի ընթերցում

Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում իսրայելական հարվածներից ևս 22 մարդ է զոհվել, 110 մարդ՝ վիրավորվել։ Այսպիսով, մարտի 2-ից Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 1116-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները։
Զոհերի շարքում կա 121 երեխա, 83 կին։
Վիրավորների ընդհանուր թիվը հասել է 3229-ի։ Ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։
Մարտի 2-ին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակման, որը սկսվել է փետրվարի 28-ին։ Իսրայելն էլ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, ինչպես նաև երկրի հարավում ցամաքային ներխուժում սկսել։ Իսրայելը հայտարարել է, որ պետք է Լիբանանի հարավում վերահսկողության գոտի հաստատի, որպեսզի պաշտպանի իր հյուսիսային բնակավայրերը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակն անվտանգության գոտի կստեղծի մինչև Լիտանի գետը։ Նա հայտարարել է, որ զինվորականները կոչնչացնեն տները, որոնք, նրա պնդմամբ, օգտագործվում էին զինյալների կողմից։ Կացը նաև նշել է, որ Լիբանանի հարավի բնակիչները չեն կարող վերադառնալ տուն, մինչև Իսրայելի հյուսիսի անվտանգությունը չապահովվի։