Քաղաքականություն

Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին զենք-զինամթերքի մինչև 80-90 տոկոսին ձեռք չեն տվել. վարչապետ

5 րոպեի ընթերցում

Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին զենք-զինամթերքի մինչև 80-90 տոկոսին ձեռք չեն տվել. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո կատարված վերլուծությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում առկա զենք-զինամթերքի զգալի մասը չի օգտագործվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք հանգամանքներ, որոնք, նրա խոսքով, հակասում են տարածված պնդումներին, թե 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռազմական դիմադրություն է ցուցաբերվել մինչև վերջ։

«Ես չէի ուզի այդ թեմային անդրադառնալ, բայց ուզում եմ ասել, որ 2023 թվականին իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները։ Շատ բան չկարողանալով բացել՝ ես ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը՝ դա կարող է լինել 80 տոկոս, դա կարող է լինել 90 տոկոս, մնացել են ձեռք չտված»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև անդրադարձել է դրան նախորդած քաղաքական գործընթացներին՝ նշելով, որ մինչև ռազմական գործողությունները հնարավորություն է ստեղծվել քաղաքական լուծումների համար, սակայն, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի որոշ ղեկավարներ խոչընդոտել են այդ գործընթացը։

«Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց, և Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրեցին իշխանափոխություն Ղարաբաղում»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ այդ զարգացումներից հետո կարճ ժամանակ անց տեղի են ունեցել սեպտեմբերյան իրադարձությունները։

Վարչապետը պնդեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ լքել են տարածքը՝ միաժամանակ մեղադրելով ՀՀ իշխանություններին սահմանները փակ պահելու մեջ։

«Ես ասել եմ, որ սահմանը փակ չի, բայց նաև ուզում եմ ասել, որ Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այն ժամանակ զգուշացրել եմ, որ եթե դուրս եկաք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով գնահատականներին, թե ԼՂ-ում ցեղասպանություն է տեղի ունեցել՝  վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է զերծ մնալ նման ձևակերպումների մրցավազքից՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության հասնելու կարևորությունը։

«Բավարար է մեր ժողովրդին սնեք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով և ընդհանրապես այդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել։ Մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ»,- նշեց նա։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի քաղաքականության հիմնական նպատակը խաղաղության հաստատումն է և կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության վրա։

«Մեր քաղաքականությունը և ռազմավարությունը հետևյալն է․ մենք պետք է խաղաղվենք։ Ինչպես ժամանակին Չարենցն է ասել՝ «կա Հայաստանի Հանրապետություն, ուրիշ ոչինչ»։ Ուրեմն կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետության վրա և տնավորվում ենք Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը։

Նա նաև չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կարող են հրապարակվել լրացուցիչ տվյալներ՝ կապված 2023 թվականի իրադարձությունների հետ։

«Իսկ այդ միֆերը, որ կռվել են մինչև վերջ և այլն, և այլն, եթե կարիք լինի այդ տվյալները կգաղտնազերծենք։ Համոզված եմ, որ այս խմորը ջուր կտանի, կթողնենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի նման ճիշտ պահին որոշում կայացնեմ և այդ ամեն ինչը հրապարակեմ։ Սուտ է, չի եղել այդպիսի բան։ Փախել են, ճողոպրել են»,- եզրափակեց Փաշինյանը՝ հստակեցնելով, որ Ղարաբաղի ժողովրդին ոչ մի բանի մեջ չի մեղադրում, բոլոր մեղադրանքներն ուղղված են Ղարաբաղի էլիտային։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում