Քաղաքականություն

Երևանի Հանրապետության հրապարակում Մայիսի 28-ին կցուցադրվի վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան

2 րոպեի ընթերցում

Երևանի Հանրապետության հրապարակում Մայիսի 28-ին կցուցադրվի վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան

Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին կցուցադրվի Հայաստանի Հանրապետության կողմից վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե կա՞ արդյոք Հայաստանի կողմից վերջին շրջանում ձեռք բերված զինտեխնիկայի ցուցադրման մասին վերջնական որոշում՝ Հայաստանի վարչապետը դրական պատասխան տվեց.

«Վերջնական որոշում կա․ Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը՝ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի քաղաքացիներին։ Ուզում եմ ասել, որ մենք այս թեմայով աշխատում և աշխատել ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Զորահանդեսն, ընդհանրապես, շատ նուրբ երևույթ է և կարող է նաև խաղաղության օրակարգից շեղվելու, դրանից հրաժարվելու տպավորություն ստեղծի, և մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես հրաժարում խաղաղության օրակարգից»,-ասաց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ ժամանակին քաղաքացիներին առաջարկել է հերթագրվել գնված զինտեխնիկան տեսնելու համար, սակայն այնքան մեծ քանակությամբ քաղաքացիներ են հերթագրվել, որ դա իրականացնելն արդեն իրատեսական չէ։

Վարչապետի խոսքով՝ այդքան մեծ քանակությամբ քաղաքացիների մասնակցությունը դրանից հետո առաջացնելու է նաև այդ զինտեխնիկայի վերաբերյալ «շեղված» տեղեկությունների տարածմանը։

«Կարծում եմ, որ զինտեխնիկայի այդ ցուցադրությունը Հայաստանի քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան»,-եզրափակեց ՀՀ վարչապետը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում