«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել 40-ամյա ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ՝ հորդորելով ԶԼՄ-ներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ծննդկանը ԲԿ-ում չի ծննդաբերել. ծննդալուծումը տեղի է ունեցել այլ բժշկական կենտրոնում։

«Ծննդալուծումից հետո բարդացած վիճակով պայմանավորված՝ ծննդկանը, համաձայն գործող ընթացակարգերի, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Տեղափոխման ընթացքում արձանագրվել է սրտի կանգ. իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որոնք շարունակվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։

Ցավոք, չնայած գործադրված բոլոր ջանքերին, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավարությունը և անձնակազմը խորին ցավակցություն են հայտնում մահացածի հարազատներին։

Մարտի 22-ին 40 -ամյա ծննդկան էր մահացել։ Ըստ լրատվամիջոցներին փոխանցված նախարարության պարզաբանման՝ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում, գիտակցության կորուստ: Շտապ կեսարյան հատում է եղել, կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։

Դեպքի առթիվ  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Հայերեն Русский